Ես Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի հնարավորություն չեմ տեսնում, և մենք չենք կարող մարդկանց խոստանալ այն, ինչ չենք կարող երաշխավորել։ Այս մասին սեպտեմբերի 19-ին Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը։
Պատգամավորը սա անվանեց հայ ժողովրդի պատմության ողբերգական էջերից մեկը, երբ սկսվեցին էթնիկ զտումները և հայերի բռնի տեղահանումը Լեռնային Ղարաբաղից։
Նա նշեց, որ դա տառապանք է պատճառել և՛ մարդկանց Հայաստանում, և՛ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։ «Ադրբեջանը հերքում է դա, բայց մենք չենք մոռացել այդ սարսափելի իրադարձությունները, և մենք Գերմանիայում՝ որպես Հայաստանի բարեկամներ, կձգտենք նպաստել տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելուն։ Ես, ինչպես անցյալ տարի, այցելեցի Լեռնային Ղարաբաղից փախստականներին։ Մենք աջակցում ենք նրանց»,- հավելել է Ռոթը:
Պատգամավորը մատնանշեց, որ Հայաստանը շրջապատված է բարդ հարեւաններով, և դա նրա համար մեծ մարտահրավեր է։ «Հայաստանի ամենադժվար և ագրեսիվ հարևանն Ադրբեջանն է։ Մենք հասկանում ենք, որ երկրի հասցեին վիրավորանքներից հետո դժվար է Ադրբեջանի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն Գերմանիան կձգտի աջակցել Հայաստանին՝ ընդգծելով խաղաղության կարևորությունը տարածաշրջանի համար, որը պետք է հիմնված լինի խաղաղության պայմանագրի վրա, որը Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման պարտավորեցնող ուժ ունի»,- ընդգծեց նա։
0Comments