ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է.
«Արցախի հանձնումը սկսվել է 2018 թ.Սերժ Սարգսյանին մերժելով ու ավարտվել 2023 թթ. արցախայության գաղթով։
Մի քանի օրից՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի անկախության հռչակման օրն է։
1991-ից հետո սա առաջին սեպտեմերի 2-ն է առանց փաստացի Անկախ ու Ազատ Արցախի։
Ակնհայտ փաստ է, որ 1988-2018թթ. հայության նոր Ոսկեդարն էր։
Եվ այդ Ոսկեդարը նախ և առաջ պայմանավորված էր Արցախյան շարժումով, որի արդյունքում հայությունն ունեցավ Անկախ Հայաստան ու Ազատ Արցախ։
Բայց կային ուժեր և տարածաշրջանում, և գլոբալացված աշխարում, ում նման իրողությունն ակնհայտ չէր գոհացնում։
Ուստի նրանք սկսեցին Հայաստանի ներսում «բուծել» կոսմոպոլիտ ու հակապետական տարրերի, որոնք պետք է առաջ քաշեին «Արցախը տանք, որ լավ ապրենք», ինչպես նաև սեպ խրեին հայության տարբեր հատվածների միջև։
Սկսվեց կատաղի հակաքարոզչություն Արցախյան շարժման ու Արցախի ղեկավարների, ինչպես նաև Ադրբեջանին պարտության մատնած ազգային գործիչների ու ուժերի դեմ։
Շրջանառության մեջ դրվեց «ղարաբաղյան կլան» ադրբեջանաթուրքական խոսույթը։
Ապազգային ու հակապետական ուժերն սկսեցին կեղտոտ քարոզչություն իրականացնել ազգային ուժերի ու մասնավորապես` ՀՀԿ-ի ու նրա ղեկավար Սերժ Սարգսյանի դեմ։
Ինչո՞ւ, քանի որ Սերժ Սարգսյանն ուներ հստակ կարմիր գծեր ու այդ կարմիր գծերն էին «Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում» և «Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի» թեզերը։
Հակապետական ուժերը հեղաշրջման մի քանի անհաջող փորձ իրականացրին մինչև 2018-ը, սակայն 2018-ին, օգտվելով նաև հայկական մի շարք «տրոյական ձիերի» ծառայությունից, իրականացրին «Մերժիր Սերժին» հակապետական օպերացիան, որն իրականում նշանակում էր «Մերժիր Արցախը»։
ՀՀԿ-ն ու մի քանի այլ քաղաքական ու քաղաքագիտական դերակատարներ փորձում էին համոզել հասարակությանը` չընկնել այդ հակահայկական թակարդը։
Սակայն ուժերն ու ռեսուրսներն անհավասար էին։
2018-ի հեղաշրջումից հետո էլ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ բարձրաձայնում էր նիկոլիզմի հակապետական բնույթի մասին։
Արցախյան հարցի արդար ու հայանպաստ կարգավորման մասին ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից մշակված հայտնի երեք սկզբունքների հիման վրա Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն բարձրաձայնում էին ոչ միայն Երևանում, այլ նաև թե Զագրեբում, և թե Մոսկվայում, թե Բրյուսելում և թե նույնիսկ Սախալինում։
Բայց Արցախի հանձնման ծրագրի հեղինակներն ու իրագործողներն անդրդվելի էին։
Նրանք սկզբում փաստացի մերժեցին Սերժ Սարգսյանի բանակցային ժառանգությունն ու սկսեցին բանակցությունները «զրոյական կետից», այնուհետև գոռացին «Արցախը Հայաստան է և վերջ», և բերելով պատերազմ` 2020-ի աշնանը հանձնեցին Արցախի մեծ մասը։
Իսկ 2022-ի ապրիլից սկսած` թռչելով ռուսական բանակցային հարթակից ու տեղավորվելով Միշելի արևմտյան հարթակում, 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում ճանաչեցին Արցախն Ադրբեջանի մաս։
Դա փաատացի «կանաչ լույս» էր Ադրբեջանին 2023-ի Արցախի ամբողջական նվաճման ու հայաթափման օպերացիան իրագործելու համար։
Ընդամենը մի քանի տարում մենք կորցրեցինք Արցախը։
Ինչո՞ւ, քանի որ նաև չգնահատեցինք նախկին հաղթանակներն ու հաջողությունները։
Չէ որ 2016-ի Ապրիլյանից հետո հպարտանում էինք մեր բանակով ու հաղթանակներով։
Չէ որ Ալիևն էր 2016-ի հոկտեմբերի 7-ին ասում, որ իրեն ճնշում են ճանաչելու Արցախի անկախությունը։
Իսկ այդ ճնշումը հենց այնպես չէր լինում։
Դա նախագահ Սերժ Սարգսյանի արդյունավետ ու պետականակենտրոն արտաքին ու անվտանգային քաղաքականության արդյունք էր»։
0Comments