ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը պետք է բարձրացնի ՊՆ-ում եւ ՊԲ-ն զոհված զինծառայողների մասին չհայտնելու խնդիրը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:
«Քաղաքացիական հասարակության միջամտության արդյունքում մենք հասել էինք նրան, որ բանակում շատ թափանցիկ պրոցեսներ էին գնում։ Հիմա, եթե կա նման դեպքերի, փաստերի կոծկում կամ չհրապարակում, դա հետընթաց է ունեցած իրավիճակից», - ընդգծեց Գորգիսյանը՝ հավելելով, որ ինքն ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահին առաջարկելու է հրավիրել պաշտպանության նախարարին եւ հարց-պատասխան կազմակերպել հանձնաժողովի անդամների հետ։
ԼՀԿ պատգամավորի խոսքով՝ կարեւոր է այս դեպքերի ուսումնասիրությունը եւ պաշտպանության ոլորտում թափանցիկությունն ապահովումը։
Հարցին, թե իշխանությունների մոտ բանակում մահվան դեպքերը թաքցնելու միտում տեսնո՞ւմ, Գորգիսյանը պատասխանեց, թե այս պահին նման գնահատական տալ չի կարող. «Չեմ կարող հիմա այդ հարցին պատասխանել, որովհետեւ չեմ լսել իշխանության պարզաբանումները»:
0Comments