Ալեն Դելոնին կհուղարկավորեն իր 35 շների կողքին` մատուռում

Մանրամասներ
ալեն

Ալեն Դելոնին կհուղարկավորեն Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Դուշի կոմունայում` այնտեղ, որտեղ նա ապրել է շուրջ կես դար և որտեղ թաղված են նրա 35 շները։ Այս մասին, 168.am-ի փոխանցմամբ, հայտնում է BFMTV հեռուստաալիքը։

«Ալեն Դելոնին կհուղարկավորեն շաբաթվա կեսերին, արարողությունը կանցկացվի միայն խիստ մտերիմների մասնակցությամբ (դա նրա վերջին կամքն էր)… Հուղարկավորությունը տեղի կունենա մատուռում, որը նա նախապես է ընտրել»,- հայտնում է հեռուստաալիքը։

Դերասանին կհուղարկավորեն իր 35 շների կողքին։ Դելոնը, որն իր ողջ կյանքի ընթացքում ակտիվորեն պաշտպանել է կենդանիների իրավունքները, ավելի քան 50 շուն է ունեցել։ Դիտարկվում է նաև դերասանի գործընկերի մասնակցությամբ մասսայական արարողություն անցկացնելու հնարավորությունը, որպեսզի Դելոնին հարգանքի տուրք մատուցելու ցանկություն ունեցողները կարողանան վերջին հրաժեշտը տալ նրան, հայտնում է ԶԼՄ–ն։

2012 թվականի դեկտեմբերին Դելոնը Երևան էր ժամանել, այցելել «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք էր մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Նա այցելել էր նաև Մայր աթոռ սուրբ Էջմիածին։ Դերասանը խոստովանել էր, որ ինքը չէր էլ պատկերացնում, որ Հայաստանում իրեն այդքան սիրում են։

Դելոնը մահացել է օգոստոսի 18-ին` 88 տարեկանում: Դերասանը քաղցկեղ ուներ և Ալցհեյմերի հիվանդություն։ 2019 թվականին նա կրկնակի կաթված էր ստացել։