Երասխում հանգիստ է. ինչո՞ւ է Ադրբեջանն անվերջ ապատեղեկատվություն տարածում

Մանրամասներ
Երասխ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը 2 օր շարունակ հաղորդագրություն է տարածում, թե իբր հայկական զինուժը կրակ է բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչին ի պատասխան ՀՀ ռազմական գերատեսչությունը դա բացառում է ու հաղորդագրությունները Ադրբեջանի կողմից հերթական ապատեղեկատվությունն է համարում:

«Եթե Երասխի դիրքերից կրակ բացեն նախիջևանյան դիրքերի ուղղությամբ, գոնե Երասխում կլսեին»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Երասխ գյուղի վարչական ղեկավար Վարդան Լևոնյանը: Նրա խոսքով՝ վերջին շրջանում կրակոցներ չեն լսել։

«Հրադադարի խախտման մասին չեմ լսել, այդպիսի լուրեր գյուղում չեն պտտվում։ Գյուղի դիմաց երևացող ադրբեջանական դիրքերը չեն անհանգստացնում գյուղացիներին ու մեր առօրյա կյանքին չեն խոչընդոտում։ Մարդիկ գյուղատնտեսությամբ են զբաղվում, այգեգործությամբ, որ նայենք դրան՝ ոչինչ չպետք է անենք»,-ասաց նա։ 

Լևոնյանի խոսքով՝ Երասխում արտագաղթ չկա, հակառակը, Արցախից տեղահանված ընտանիքներ են եկել՝ արագ ինտեգրվել։ Նրանցից մեկը Վասիլի Սուքիասյանի բազմանդամ ընտանիքն է։ Նախկին զինվորականը հաշվի է առնում Արցախի փորձը՝ հրադադարի պահպանման ռեժիմի խախտման վերաբերյալ ադրբեջանական կողմի կեղծ հայտարարությունների մասով. 

«Ադրբեջանն անկանխատեսելի պետություն է, ուստի չեմ կարող ասել, թե Հայաստանի դեպքում ի՞նչ նպատակ է հետապնդում կեղծ հայտարարություններ տարածելը։ Կրակոցներ գյուղի ուղղությամբ կամ հարակից տարածքներում չկան, ամեն ինչ հանգիստ է այստեղ։ Վերջին շրջանում կրակի ձայն լսել ենք մոտ 20 օր առաջ, երբ հայ-ադրբեջանական սահմանին հերթական զորավարժությունն էր անցկացվում»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը նշեց, որ զորավարժություններից հետո հրադադարի խախտման մասին կեղծ լուրեր տարածելը վկայում է այն մասին, որ Ադրբեջանը չի ձգտում խաղաղության։