Սա՞ է հանդուրժողականության մթնոլորտը

Պետրոսյանը նաև իր անհամաձայնությունն հայտնեց գործընկեր պատգամավորների արարքի կապակցությամբ

«Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագծի համահեղինակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր Ազգային ժողովի նիստում ևս մեկ անգամ հիշեցրեց, որ նախագծի նպատակն այն է եղել, որ Հայաստանում վերջապես անկախ արհեստագործակցական միություններ լինեն։

«Սա ոչ թե ուղղակի իմ ինչ-որ մի ցանկությունն է, որ հետաքրքրում է քիչերին, այլ հետաքրքրում է հարյուր հազարավոր աշխատողների, որոնք ստրկական վիճակում են գտնվում գործատուների մոտ։ Հիմա ինչն է պատճառը, որ ԱԺ-ն այս էլ որերորդ անգամ չի ցանկանում ունենալ անկախ արհեստակցական միություն»,- ասաց նա։

Պետրոսյանը նաև իր անհամաձայնությունն հայտնեց գործընկեր պատգամավորների արարքի կապակցությամբ. «Պարոն Արեն Մկրտչյանը հանձնաժողովին նիստին եկել է ուշացումով, չի լսել իմ զեկույցը, որևէ բառ չի արտասանել, բառ  չի ասել նախագծի մասին, բայց դրսում հարցազրույց է տվել ու ասել, թե այս նախագծի իմաստը աշխատողներին տոտալ վերահսկողության տակ պահելն է։ Անընդհատ այստեղ խոսում ենք սիրո, համերաշխության, հանդուրժողականության մթնոլորտի մասին, սա՞ է հանդուրժողականության մթնոլորտը, կեսից մասնակցել նիստին, որևէ բառ չասել, դրսում ապատեղեկատվություն տարածել»։

ԲՀԿ-ական պատգամավորը հորդորեց հարգանքով լրջորեն ու վերաբերվել իրար և կոչ արեց կողմ լինել նախագիծն օրակարգ ընդգրկելուն։