Այս տարածաշրջանը կրկին դառնում է Մոսկվայի ազդեցության գոտի․ Տեսանյութ

Մանրամասներ
իրավիճակ

Արևմուտքում ցանկանում են, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը հնարավորինս շուտ ստորագրվի, և Սյունիքով անցնող միջանցքը վերցվի ԱՄՆ վերահսկողության տակ։ Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Սակայն Բաքուն պարտավորություններ է ստանձնել և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի հանդեպ, ինչպես նաև ստորագրել ռազմավարական գործընկերության փաստաթուղթ Չինաստանի հետ։ Այս գործոնները, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով Հյուսիս-Հարավ միջանցքի գործարկումը, որը սպասարկում է Ռուսաստանի Դաշնության և Չինաստանի շահերը, հակասություններ են ստեղծում Բաքվի և Արևմուտքի միջև»,- նշել է նա։

Փորձագետի գնահատմամբ՝ այս առումով Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել Հայաստանի դեմ՝ արևմտյան նախագծերը տապալելու համար։

Քաղաքագետն ԱՄՆ-ում Թրամփի ընտրվելը նախագահի պաշտոնում Հայաստանի համար ամենավատ սցենար է անվանել, քանի որ Թրամփը մեկն էր նրանցից, որոնք Ադրբեջանին թույլ տվեցին պատերազմ սկսել 2020 թվականին:  

Փորձագետը պատահական չի համարում, որ Ալիևն ու Էրդողանը Թրամփին աջակցություն են հայտնել։

Միաժամանակ Դանիելյանը հավելել է, որ Հարավային Կովկասում մեծանում է Իրանի և Ադրբեջանի միջև մոդերատորի գործառույթը ստանձնած Ռուսաստանի դերը։

«Այս տարածաշրջանը կրկին դառնում է Մոսկվայի ազդեցության գոտի: Կարևոր է, որ Հայաստանի իշխանությունները նման իրավիճակում փորձեն նոր հարաբերություններ ձևավորել Ռուսաստանի հետ և խորացնել հարաբերությունները Իրանի հետ։ Հայաստանի համար դա անչափ կարևոր է»,- եզրափակել է փորձագետը։