Հեպատիտի դեպքերի նվազում ունենք, սակայն արձանագրվում են սուր Հեպատիտ B-ի ու C-ի եզակի դեպքեր․ մասնագետ

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

Հեպատիտ հիվանդության դեպքերի նվազում ունենք, սակայն արձանագրվում են սուր Հեպատիտ B-ի ու C-ի եզակի դեպքեր։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, հրավիրված մամուլի ասուլիսին Հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան ընդառաջ ասաց ԱՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

Նա նշեց, որ հեպատիտները հիմնականում ընթանում անախտանշան եւ շատ անձինք վարակված լինելով Հեպատիտ B եւ C-ով, տեղյակ չեն լինում այդ մասին․ «Դա է հիմնական պատճառը, որ շուրջ 7-8 տարի գործադրվել է առողջների շրջանում վաղ հայտնաբերման գործընթացը։ Բժշկական հաստատությունները պետության հովանու ներքո իրականացնում են անվճար հետազոտություն ռիսկային շրջանում գտնվողներին, որպեսզի բացահայտեն հիվանդությունը։ Բացի այդ, կան շարժական լաբորատորիաներ, որոնք նաեւ մարզերում իրականացնում են հետազոտություն պետպատվերի շրջանակներում՝ վաղ հայտնաբերումն ապահովելու համար»։

Ռոմելլա Աբովյանն ասաց, որ առավել շատ հիվանդությունն արձանագրվում է 30-ից բարձր տարիքային խմբերի մոտ․ «Այս հիվանդության դեմ պայքարում մեր քաղաքականությունը Հեպատիտ B-ի դեպքում պատվաստումն է, իսկ C-ի դեպքում՝ բուժումը»։

ՀՀ ԱՆ դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինա Հարությունյանն էլ տեղեկացրեց, որ 2020 թվականից մինչեւ 2023 թվականի դեկտեմբերը ներառյալ բուժում են ստացել շուրջ 2569 Հեպատիտ C-ով պացիենտներ․ «2022-ից արդեն այս պացիենտների շրջանակներում ավելացվել են ՔԿՀ-ներում գտնվող պացիենտները, որոնք այս ծրագրից դուրս էին եւ բուժում երբեւիցե չեն ստացել»։

Նա հավելեց, որ 2023 թվականի դրությամբ արդեն 2569 պացիենտներից շուրջ 250-ը ՔԿՀ-ներում գտնվող Հեպատիտ C-ով պացիենտներ են եղել։

Հարությունյանի խոսքով՝ 2024-ի հունվարի 1-ից մինչեւ այս պահը բուժվել եւ բուժման փուլում է գտնվում 456 պացիենտ, որից 78-ը ՔԿՀ-ներում գտնվող պացիենտներն են։