2024 թ. առաջին կիսամյակի արդյունքներով ՀՀ կառավարության ներքին պարտքն առաջին անգամ գերազանցել է արտաքին պարտքը (50,7 %/49,3 %): Ընդհանուր առմամբ, կառավարության պարտքն աճել է 3 %–ով, իսկ ՀՀ կենտրոնական բանկի պարտքը կրճատվել է մոտ 8 %-ով:
Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ, այս մասին նշված է ՀՀ ֆինանսների նախարարության հաշվետվության մեջ։
ՀՆԱ–ի նկատմամբ կառավարության պարտքը 2023 թ. արդյունքներով կազմել է 48,4 %, իսկ 2024 թ. առաջին կիսամյակի արդյունքները դեռ հաշվարկված չեն։
Ինչ վերաբերում է արտաքին աղբյուրներից վերցված վարկերին, ապա ՀՀ կառավարությունը կրճատել է դրանց ծավալը` փոխարենն ավելացնելով պետական պարտատոմսերը. հայկական դրամով պարտատոմսերը 2024 թ. 1–ին կիսամյակում կազմել են 49,2 %, արտասահմանյան վարկերը` 37,2 %, եվրապարտատոմսերը` 13,4 %: Օտարերկրյա վարկերի ծավալն ընդհանուր առմամբ կրճատվել է մոտ 5 %–ով և կազմում է ՀՀ կառավարության ընդհանուր պարտքի մոտ 40 %–ը։
Առաջին կիսամյակում օտարերկրյա վարկատուների կառուցվածքն էապես չի փոխվել` ամենամեծ վարկատուն շարունակում է մնալ Համաշխարհային բանկը (37,8 %)։ Բանկի տված վարկերի պորտֆելում աստիճանաբար նվազում է արտոնյալ վարկերի տեսակարար կշիռը, քանի որ Հայաստանը, ըստ միջազգային ֆինանսական կազմակերպությունների չափանիշների, արդեն չի համարվում արտոնյալ վարկի կարիք ունեցող երկիր, գրում է lurer.com-ը։ Հետևաբար, մեր երկրի վիճակագրության մեջ արտացոլված արտոնյալ վարկերը հիմնականում վերցվել են մինչև 2020–21 թթ., որոնք աստիճանաբար մարվում են։
Այլ վարկատուների թվում Ասիական զարգացման բանկի մասնաբաժինը այս տարվա 1–ին կիսամյակում կազմել է 19,6 %, Եվրոպական զարգացման բանկի, ներառյալ` Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի մասնաբաժինը՝ 8,3 %, Արժույթի միջազգային հիմնադրամի մասնաբաժինը՝ 5,3 %, Եվրոպական ներդրումային բանկի մասնաբաժինը՝ 3,2 %: Մյուս 4 կազմակերպություններին` ՕՊԵԿ–ին (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն), Եվրամիությանը, IFAD–ին (Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամ) և ՎԶԵԲ–ին բաժին է ընկնում վարկերի ընդհանուր առմամբ 5,6 % մասնաբաժին։ Ի դեպ, ՎԶԵԲ–ը, բացի կառավարությունից, մեծ ծավալներով վարկավորում է նաև մասնավոր բիզնեսը։
Ինչ վերաբերում է այլ պետություններից ստացված վարկերին, որոնց ընդհանուր ծավալը կազմում է 19,9 %, ապա ամենամեծ մասնաբաժինը պատկանում է Ռուսաստանի կառավարությունը` 6 %, որին հաջորդում են Ֆրանսիան` 5,4 %, Գերմանիան` 5 % և Ճապոնիան` 2,8 %:
Ի դեպ, ինչ վերաբերում է ՀՀ կենտրոնական բանկի պարտքին, ապա այն երկրի գլխավոր դրամատունը վճարում է իր իսկ միջոցներից, այլ ոչ թե ՀՀ պետական բյուջեից։
0Comments