Ինչն է փրկել Թրամփին մահափորձի ժամանակ․ խորհրդականը մանրամասներ է բացահայտել

Մանրամասներ
ամն

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը մահափորձի ժամանակ փրկվել է՝ գլուխը թեթևակի թեքելով դեպի մեծ հեռուստատեսային էկրանը, X սոցիալական ցանցում գրել է քաղաքական գործչի խորհրդական Դեն Սկավինոն։

«Փառք Աստծո, երեկ երեկոյան հանրահավաքի ժամանակ նախագահ Թրամփը ցանկացավ օգտվել մեծ էկրանից։ Դա ստիպեց նրան կրակոցի պահին մի փոքր թեքել գլուխը: Նա երախտապարտ է բոլոր աղոթքների, սիրո և աջակցության համար»,- գրել է Սկավինոն։

Հիշեցնենք, որ ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում աջակիցների հետ հանրահավաքի ժամանակ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձ է իրականացվել:

Հնչել են կրակոցներ, որից հետո նա ընկել է. Գաղտնի ծառայության աշխատկիցները մարմիններով ծածկել են նախկին նախագահին: Մահափորձից հետո Թրամփը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում: 

Ըստ ՀԴԲ-ի՝ կրակողը՝ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը, չեզոքացվել է: Նրա քայլի դրդապատճառն առայժմ անհայտ է: Իրավապահ մարմինները միջադեպի հետաքննություն են սկսել: