Փետրվարի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգության եւ ոստիկանության պատվիրակությանն ընդունեց ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արման Սարգսյանը:
Ողջունելով հյուրերին՝ ոստիկանության պետի առաջին տեղակալը կարեւորեց երկու պետությունների միջեւ ամուր բարեկամական հարաբերությունները: Դրա շնորհիվ է նաեւ, որ սերտ համագործակցություն կա Հայաստանի եւ Իրանի իրավապահների միջեւ:
ԻԻՀ ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերի գլխավոր վարչության պետ Հոսեյն Քալանթարին շնորհակալություն հայտնեց ընդունելության համար եւ ամփոփեց Հայաստան կատարած երկօրյա աշխատանքային այցը:
ՀՀ ոստիկանության շտաբի, ճանապարհային ոստիկանության, Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավար կազմերի հետ արդյունավետ հանդիպումների ընթացքում քննարկվել են բազմաթիվ հարցեր եւ ուրվագծվել համագործակցության նոր ուղղություններ:
Կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Հանդիպման ավարտին ՀՀ ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ու ԻԻՀ ներքին գործերի նախարարության անվտանգության հարցերի գլխավոր վարչության պետ Հոսեյն Քալանթարին ստորագրեցին Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ անվտանգության համատեղ աշխատանքային խմբի երկրորդ նիստի արձանագրությունը:
0Comments