Բրյուսելում այսօր՝ ապրիլի 5-ին, տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերի հետ։
Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ հանդիպմանը ներկա են նաեւ Հայաստանի անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելության ղեկավար Ջոն Ալելոն, ԱՄՆ ՄԶԳ ազգային անվտանգության տնօրեն Քոլին Թոմաս Յենսենը։
Քննարկման առանցքային հարցերն են Հայաստանում ՄԶԳ-ի ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր՝ մասնավորապես ԼՂ-ից բռնի տեղահանվածներին աջակցելուն, Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը միտված ծրագրերի իրագործմանը վերաբերող թեմաները։
Հիշեցնենք, որ այսօր` Երևանի ժամանակով ժամը 14-ին նախատեսված է Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի եռակողմ հանդիպումը, որը նախնական տվյալներով տևելու է շուրջ 1 ժամ:
Ավելի ուշ Հայաստանի և Եվրամիության միջև կստորագրվի «Եվրաջասթ» համաձայնագիրը: Այն ստորագրելու են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Բելգիայի արդարադատության և Հյուսիսային ծովի հարցերի նախարար Փոլ Ֆան Թի-խելտը և Արդարադատության հարցերի ԵՄ հանձնակատար Դիդիե Ռեյն-դերսը:
0Comments