Գլխավոր Դատախազությունը որոշել է պետականացնել Գրողների միության և Նկարիչների միության շենքերը․ Տեսանյութ

Մանրամասներ
իրավիճակ

Օրեր առաջ Գրողների միությունը և Նկարիչների միությունը ծանուցում են ստացել Դատախազությունից. Գլխավոր Դատախազությունը դատական հայց է ներկայացրել Կադաստրի կոմիտեի դեմ եւ պահանջում է անվավեր ճանաչել 2001 թվականին Գրողների միությանը և 2003 թվականին՝ Նկարիչների միությանը տրված  սեփականության իրավունքի պետական գրանցումները: Այս մասին այսօր՝ մարտի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանը:

Միությունների նախագահները դեռևս չեն հասկանում, թե ի՞նչ խնդիր կարող էր առաջանալ այսքան տարի անց, հաշվի առնելով այն փաստը, որ թե՛ Բաղրամյան 3 հասցեում գտնվող Գրողների միության  շենքը, թե՛ Աբովյան 16 հասցեում գտնվող Նկարիչների միության շենքը, տասնամյակներ առաջ են կառուցվել և մինչ օրս սեփականության իրավունքով միություններին են պատկանել:

Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանի խոսքով, Գլխավոր Դատախազությունից հայտնել են, որ միությունների շենքերի սեփականաշնորհման ընթացքում խախտումներ են եղել:

«Պատճառաբանում են, թե այն ժամանակ Կադաստրի կոմիտեն իրավունք չուներ այդ գործարքներն իրականացնելու: Անհանգստություն, այո՛, կա, անորոշությունից ավելի է շատանում անհանգստությունը: Մեր միության անդամները մեզ հարցադրումներ են անում, բայց մենք այս պահին պատասխաններ չունենք»,-ասում է Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը:

Գրողների միության նախագահ Էդուարդ Միլիտոնյանն անհանգստացած է, կարծում է, որ միությունների պետականացումն անհետևանք չի մնալու:

«Կպետականացնեն, հետո ուզած պահին կգան, կասեն դուք պիտի վարձեր տաք, կամ էլ կասեն՝ դե հաջողություն ձեզ, գնացե՛ք, ձեր գլխի ճարը տեսե՛ք: Ու այդպես, ինչ մենք պատմում ենք, խոսում ենք, հօդս կցնդի:  Եվ մարդիկ կչարանան երկրի, վճիռ կայացողների նկատմամբ»,-ասաց Գրողների միության նախագահը: