Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը Մերձավոր Արևելք կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Բեռլինը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) միջոցով Գազայի հատվածին տրամադրվող հումանիտար օգնության ծավալը ավելացրել է ևս 10 միլիոն եվրոյով։ Այս մասին Բերբոքը հայտարարել է մարտի 26-ին Թել Ավիվում:
«Պատանդների և նրանց ընտանիքների կյանքն արդեն հինգ ամիս է` դժոխքի է վերածվել: Պատանդները պետք է, ի վերջո, ազատ արձակվեն», – Բերբոքի խոսքը X սոցիալական հարթակում մեջբերում է Գերմանիայի ԱԳՆ-ն:
Միևնույն ժամանակ Գազայի հատվածում հումանիտար իրադրությունը, նախարարի խոսքով, դժոխային է։
«Մենք ՄԱԿ-ի ՊՀԾ-ի միջոցով Գազային տրամադրվող մեր հումանիտար օգնության ծավալը ավելացրել ենք ևս 10 միլիոն եվրոյով: Գազայի բնակիչները պետք է վստահ լինեն, որ բառացիորեն բոլոր դռներն ու դարպասները, բոլոր ցամաքային ուղիները բաց են մարդասիրական օգնության համար», – ասել է Բերբոքը:
Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ սրվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից Իսրայելի տարածք պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներթափանցումից հետո, որի հետևանքով 1200 մարդ է զոհվել, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Ի պատասխան այս հարձակման՝ Իսրայելը ռազմական գործողություններ է սկսել Գազայի հատվածում, որտեղ զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, մոտենում է 32 500-ի։
0Comments