Հնդկաստանում յոթ տղամարդիկ հարձակվել են իսպանացի զույգի վրա, ովքեր մոտոցիկլետներով շրջում են աշխարհով մեկ։ Ամուսնուն ծեծել են, իսկ կնոջը՝ բռնաբարել։ Այս մասին հայտնում է հնդկական NDTV հեռուստաալիքը։
Զույգը մոտ հինգ տարի առաջ մոտոցիկլետներով շրջագայության է մեկնել աշխարհով մեկ։ Ինստագրամի իրենց էջում, որն ունի ավելի քան 260 հազար հետևորդ, նրանք գրել են, որ հասցրել են այցելել 66 երկիր՝ անցնելով 170 հազար կիլոմետր։
Օրերս ճանապարհորդները վրան են խփել Հնդկաստանի Ջարքխանդ նահանգում: Այնտեղ, ըստ բլոգերների, մարտի 2-ի գիշերը իրենց վրա հարձակվել են անհայտ անձինք։ 28-ամյա ճանապարհորդուհին պատմել է, որ իրեն բռնաբարել են յոթ տղամարդիկ, իսկ իր 64-ամյա ամուսինը ծեծի է ենթարկվել:
Տուժածներին հաջողվել է կապ հաստատել իրավապահների հետ։ Այնուհետև զույգին ուղարկել են տեղի հիվանդանոց:
Մարտի 3-ին ոստիկանությունը հայտարարել է երեք կասկածյալի ձերբակալության մասին։ Հետախուզվում է ևս չորսը։
«Ձերբակալվածներն ընդունել են իրենց մասնակցությունն այս միջադեպին։ Մնացած մասնակիցները շուտով կձերբակալվեն, երբ հայտնի դառնան նրանց անունները»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
0Comments