Հաստատվել է Ուկրաինայում ավելի քան 45 հազար ռուս զինվորի մահը

Մանրամասներ
Ուկրաինա

Լրագրողները պարզել են ուկրաինական պատերազմում զոհված 45 հազար 123 ռուս զինվորների անունները, հաղորդում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ նշելով, որ կորուստները հաշվարկել են BBC-ի ռուսական ծառայությունը և Mediazona-ն՝ կամավորների խմբի հետ միասին։

Լրագրողները նշել են, որ մահացածների երկու երրորդը մինչ ներխուժումը բանակի հետ կապ չի ունեցել՝ կամավորներ, ժամկետային զինծառայողներ, նախկին բանտարկյալներ, ռազմական մասնավոր ընկերությունների «նորակոչիկներ»:

Լրագրողների ուսումնասիրության արդյունքների համաձայն, զոհերի մեծ մասը Կրասնոդարի երկրամասից են, Սվերդլովսկի շրջանից, Բաշկորտստանից և Չելյաբինսկի շրջանից։

Մոբիլիզացված 5 հազար 406 զոհվածների 80 տոկոսը մահացել է պատերազմի երկրորդ տարում։

Ընդհանուր առմամբ, 2023 թվականին լրագրողները հայտնաբերել են 27 հազար 906 ռուս զինվորականների մահվան դեպքեր, ինչը 57 տոկոսով ավելին է Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման առաջին տարում հաստատված կորուստների թվից։

2023 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի փետրվար ընկած ժամանակահատվածում՝ Ավդեևկայի և Դոնեցկի շրջաններում առաջխաղացման ժամանակ, հետազոտողները հաստատել են 6 հազար 614 ռուս զինվորի մահը։

Լրագրողներն իրենց հաշվարկներն իրականացնում են հիմք ընդունելով բաց աղբյուրներում առկա տվյալները՝ տեղական ինքնակառավարման մարմիններ, ԶԼՄ հրապարակումներ, զոհերի հարազատների հաղորդումներ, ինչպես նաև գերեզմանատների տվյալներ: Կորուստների իրական թիվը, նրանց կարծիքով, կարող է առնվազն երկու անգամ ավելի մեծ լինել։

ՌԴ պաշտպանության նախարարությունը չի հրապարակում անձնակազմի կորուստների մասին տվյալներ և չի մեկնաբանում լրագրողների ներկայացրած թվերը։

Անցած ամիս ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլլամ Բերնսը Foreign Affairs-ի հետ զրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի դեմ պատերազմում վիրավորվել կամ զոհվել է առնվազն 315 հազար ռուս զինվոր։