Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանքի որոշումը բողոքարկվել է

Մանրամասներ
ալեն

Փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը ստացել է Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գևորգյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ դատարանի որոշումը։

«Դատարանի որոշումը ստացել ենք, համապատասխան բողոքն էլ ներկայացրել ենք»,-Tert.am-ին հայտնել է փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Անի Գևորգյանը կալանավորվել է 2 ամսով:

Անի Գևորգյանը երկար տարիներ աշխատել է IT ամենահայտնի կազմակերպություններից մեկում` «Սիներջի»-ում` ծրագրերի ղեկավար է եղել: Մոտ մեկուկես տարի առաջ «Սիներջի»-ն էկոնոմիկայի նախարարության հայտարարած տենդերներից մեկին է մասնակցել: Մասնակցել են 4 ընկերություն, սակայն տենդերը չեղարկվել է և «Սիներջի»-ն էլ բնականաբար չի հաղթել: Ահա այս չկայացած տենդերն է, ըստ լրատվամիջոցների, Անի Գևորգյանի մեղադրանքի հիմքում դրել նախաքննության մարմինը:

Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը փորձել են կալանավորել, որպեսզի ցուցմունք կկորզեն նախօրեին ձերբակալված էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանի և նախարարության վարչության պետի:

Ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ երկու տարբեր քրեական վարույթներով է նախաձեռնվել՝ այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում և մի շարք անձանց բնակարաններում կատարվող խուզարկությունների մասին:

Նախաքննությամբ, մասնավորապես,  ՔԿ-ն պարզվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք «Հանրային ներդրումային ծրագրերի բանկի ստեղծման» ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում մրցույթի մասնակից N բաժնետիրական ընկերության տնօրենի և աշխատակիցների դրդմամբ և օժանդակությամբ, մրցույթին այդ ընկերության հաղթանակն ապահովելու համար, խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի թիվ N 526-Ն որոշման պահանջները, մրցույթի մյուս մասնակից հիմնադրամի համար ստեղծել են մրցույթին վերջինիս մասնակցությունն իբր անհնար դարձնող պայմաններ, նրան ապօրինաբար դիտել որպես մրցույթի պայմաններին չհամապատասխանող ու փաստացի հեռացրել մրցույթից: Դրա արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել մրցակցից շուրջ երեք անգամ ավել՝ ավելի քան 392մլն. ՀՀ դրամ գնային առաջարկ ներկայացրած ընկերությունը: