Պատրաստ ենք աջակցել տարածաշրջանային կայունության նախաձեռնություններին․ Վրաստանը՝ «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին

Մանրամասներ
վրաստան

Վրաստանը պատրաստ է համագործակցել իր հարևան երկրների հետ՝ տարածաշրջանային հաղորդակցությունների դիվերսիֆիկացման և ամրապնդման ընդհանուր նպատակին հասնելու համար։ Այս մասին ընդգծել են Հայաստանում Վրաստանի դեսպանությունից՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին, թե ինչպե՞ս է Վրաստանը վերաբերվում Հայաստանի կառավարության առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։

«Մենք ճանաչում ենք Կովկասի ռազմավարական նշանակությունը որպես հաղորդակցությունների համար կենսական կարևորություն ունեցող տարածաշրջան և դրա աճող կարևորությունը կապի ապահովման գործում:

Վրաստանը պատրաստ է համագործակցել հարևան երկրների հետ՝ տարածաշրջանային հաղորդակցությունների դիվերսիֆիկացման և ամրապնդման մեր ընդհանուր նպատակին հասնելու համար։ Մենք պատրաստ ենք աջակցել այն նախաձեռնություններին, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանը, տնտեսական աճին և կապերի ընդլայնմանը»,- նշել են Վրաստանի դեսպանությունից։

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է կապել Պարսից ծոցը, Օմանի ծոցը, Սև, Կասպից և Միջերկրական ծովերը տարածաշրջանային միասնական երկաթուղային ցանցով և Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք ճանապարհներով:

Ըստ այդ նախագծի՝ Հայաստանը նպատակ ունի զարգացնելու Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաները՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու, գործարկելու միջոցով:

Հայաստանի կառավարությունը պատրաստ է Ադրբեջանի և Թուրքիայի միջև հաղորդակցություն ապահովել Հայաստանի Հանրապետության տարածքում 4 երկաթուղային հատվածների վերականգնման միջոցով։ Հայաստանը պատրաստ է նաև վերականգնել երկաթգծի ավերված հատվածները Գյումրիից մինչև Թուրքիայի սահման և Հրազդանից մինչև Կայան երկաթուղու քանդված հատվածները, որը նոր կապեր կստեղծի տարածաշրջանի բոլոր երկրների միջև։