Ազգային հավաքականի տղաները կաջակցե՞ն Արազ Օզբիլիսին. ՀՖՖ-ում խառն են. «Ժողովուրդ»

Մանրամասներ
ֆուտբոլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դեկտեմբերի 23-ին նախատեսված՝ ՀՖՖ նախագահի ընտրություններին առաջադրված են երկու թեկնածուներ՝ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը եւ հայտնի ֆուտբոլիստ, հոլանդական «Այաքս»-ի, Մոսկվայի «Սպարտակ»-ի ու ազգային թիմի նախկին խաղացող Արազ Օզբիլիսը, ում թեկնածությունն առաջարկել է գործող չեմպիոն ու գավաթակիր «Ուրարտու» ՖԱ-ն:

ՀՖՖ մեր աղբյուրները փոխանցում են, որ ֆեդերացիայում մտավախություն ունեն, որ ազգային հավաքականի նախկին ու ներկա խաղացողները կարող են հայտարարություն տարածել, որով կաջակցեն Արազին ու կոչ կանեն ՀՖՖ նախագահ ընտրել ֆուտբոլից իսկապես հասկացող, իշխանությունների հետ չսերտաճած Օզբիլիսին: Մեր աղբյուրները պնդում են, որ տեքստն արդեն քննարկվում է, ու, որոշ բացառություններով (կան տղաներ, որոնք չեն ուզում հրապարակային հայտարարել՝ պատճառաբանելով, որ դեռ ուզում են խաղալ ու խնդիրներ չունենալ գործողների հետ), միացողները շատ են:

Հետաքրքրական է, որ դեկտեմբերի 13-ին ասուլիս է հրավիրել նաեւ ՀՖՖ անդամ, առաջնության լիդեր «Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ու, ըստ չճշտված տեղեկությունների, կարող է սենսացիոն բացահայտումներ անել: Սրան զուգահեռ ֆեդերացիայի աշխատակիցներն են խնդրում, որ որոշ ակումբներ Մելիքբեկյանին աջակցող հայտարարություն տարածեն, ինչը դեռեւս ամբողջությամբ չի ստացվում: Ակնհայտ է, որ իշխանությունների «դաբրո»-ն հերթական անգամ ստացած Մելիքբեկյանը ֆեդերացիայի նախագահ կընտրվի, մեղմ ասած, կասկածելի վարկանիշային վիճակում:

Մեզ փոխանցում են, որ ՀՖՖ նախագահ են ընտրում այնպիսի ՀԿ-ներ, որոնց գործունեությունը, մեղմ ասած, ակտիվ ֆուտբոլային չէ, ու շատերի մասին չգիտեն նույնիսկ ֆուտբոլասերները, իսկ, ահա, հայտնիները կա՛մ դեմ են, կա՛մ իրենց թեկնածությունն ունեն, կա՛մ դեռ բանակցում են՝ խոստանալով, օրինակ, խաղադաշտ կառուցել կամ այլ կերպ վարձահատույց լինել քվեի դիմաց: Մեզ զանգահարած ֆուտբոլասերները պնդում են՝ քանի դեռ այս մարդիկ են իշխանությունների ընտրյալը, ֆուտբոլը հետընթաց է ապրելու, ու խայտառակ պարտություններ ենք կրելու:

Անհասկանալի է, թե Մելիքբեկյանն ինչ ձեռքբերումներ է իբրեւ աշխատանքի արդյունք ներկայացնելու իր ընտրության օրը. թերեւս աշխատակիցների՝ ունեցվածք ձեռք բերելը»: