Հայտնի է ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպման օրը

Մանրամասներ
ԱՊՀ

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների արտահերթ նիստը կկայանա դեկտեմբերի 18-ին, իսկ դեկտեմբերի 26-ին նախատեսվում է ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մինսկում լրագրողներին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Ռուսաստանին նախագահության առաջիկա փոխանցման հետ կապված՝ երկու կարևոր իրադարձություն է նախատեսվում՝ ԱՊՀ կառավարությունների ղեկավարների հանդիպում... իսկ հետո՝ մեկ շաբաթից, Սանկտ Պետերբուրգում կանցկացվեն նախագահների մակարդակով ԵԱՏՄ գերագույն խորհրդի նիստեր դեկտեմբերի 25-ին և ԱՊՀ երկրների նախագահների ոչ պաշտոնական հանդիպում... դեկտեմբերի 26-ին», - գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Լեբեդևը պարզաբանել է, որ դեկտեմբերի 18-ին ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների արտահերթ նիստը կկայանա Մոսկվայում՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ։

Բացի այդ, դեկտեմբերի կեսերին Մոսկվայում հանդիպում կկայանա ԱՊՀ երկրների հետախուզական մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների միջև։

Լեբեդևը նշել է, որ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովը վերջին տարիներին արդեն ավանդական է դարձել։ Նա ընդգծել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր գործընկերներին հրավիրել է գագաթնաժողովին՝ «շփվելու ոչ պաշտոնական միջավայրում, քննարկելու ընթացիկ հարցեր և կարծիքներ փոխանակելու»։