Վրաստանը կարող է փակել Հայաստանի ռազմական մատակարարումների ճանապարհը

Մանրամասներ
տանկ զորք շարասյուն

«Հրապարակի» զրուցակիցն է Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի ղեկավար Էդուարդ Այվազյանը։

- Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի Պաշտպանության նախարարները հերթական հանդիպումն են ունենալու, քննարկելու են համատեղ զորավարժություններ անցկացնելու եւ համագործակցության հարցեր։ Նման մի հանդիպում այս տարի Կարսում էլ է եղել։ Ի՞նչի մասին են խոսում այս հանդիպումները։ 

- Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի Պաշտպանության նախարարությունների միջև համագործակցությունը նորություն չէ, արդեն մի քանի տարի է նրանք համագործակցում են, զորավարժություններ են անցկացնում և այս տարի ևս այդ ամենի շարունակությունն է տեղի ունենում։ Այս համագործակցությունը ձևավորվել է  նախկին աշխարհաքաղաքական շահերը հաշվի առնելով։ Սակայն, հիմա բավականին նոր իրավիճակ է աշխարհում, չնայած որ վերջնական պարզ չի, թե ինչ մեծ փոփոխություններ են տեղի ունենալու նոր աշխարհակարգում, բայց գլոբալ փոփոխություններ են ընթանում և իմ կարծիքով այս համագործակցությունը իներցիոն բնույթ է կրում։ Եվ սա ավելի շատ ներկա պահին բխում է Ադրբեջանի և Թուրքիայի շահերից, քան Վրաստանի։ 

- Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խորացված հարաբերությունները Վրաստանի պարագայում Ռուսաստանի դե՞մ են ուղղված, թե հետագայում նաեւ Իրանի դեմ հավանական պատերազմի պարագայում։ 

- Վրաստանի համագործակցությունը Թուրքիայի և Ադրբեջանի հետ, չեմ կարծում, որ ուղղված է Ռուսաստանի դեմ, քանի որ Ադրբեջանն այսօր Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է և հիմնականում պրոռուսական քաղաքականություն է վարում։ Բացի այդ, հիմա նույնիսկ խոսակցություններ են պտտվում, որ Արևմուտքը կարող է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ՝ Ռուսաստանի հետ այդքան խոր համագործակցություն ունենալու մասով, այնպես որ այս դաշինքը դիտարկել հակառուսական՝ նման պնդում ես չէի անի։ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց ներքին քաղաքականությունն ունեն և իրենց շահերից է բխում, իրենց նպատակն է տպավորություն ստեղծել, որ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան խոր համագործակցություն կա ռազմական, նրանք նաև զորավարժություններ են անցկացնում և փորձում են տպավորություն ստեղծել, որ Վրաստանը Հայաստանի դեմ է և իրենց հետ է, ինչն այդքան էլ իրականությանը չի համապատասխանում։ Հիմա առավել ևս, հաշվի առնելով այն փաստը, որ եթե չեմ սխալվում, Հունաստանում Հայաստանն ու Վրաստանը միանման զորավարժությունների են մասնակցում։

- Հայաստանի համար ի՞նչ վտանգներ կան այս 3 պետությունների ռազմական համագործակցության մեջ։ 

- Ես կարծում եմ, վտանգներ միշտ էլ կան։ Այն բացը որը կա, միշտ էլ խնդիրներ է ստեղծում մեզ համար և Թուրքիան, և Ադրբեջանը շատ ակտիվ աշխատում են Վրաստանի և Վրաստանի իշխանությունների հետ, և եթե մենք այդ բացը չլրացնենք, ապա դա բնականաբար կանդրադառնա Հայաստանի վրա, իսկ եթե Հայաստանը Վրաստանի ուղղությամբ պրոակտիվ քաղաքականություն վարի, և Հայաստան-Արևմուտք խորացող հարաբերությունների շնորհիվ, ինչպես նաև այն բանի շնորհիվ, որ կարգավիճակ է շնորհվում Վրաստանին՝ հետագայում Եվրամիությանն անդամակցելու համար, դա լավ հնարավորություն է ստեղծում, որ Հայաստանը և Վրաստանը ևս ռազմական համագործակցություն ծավալեն։ Վերջերս Հայաստանի և Վրաստանի Պաշտպանության նախարարությունների միջև ակտիվ քննարկումներ էին, այսինքն շատ ակտիվ քաղաքականություն է պետք վարել, որպեսզի այս ամենը վատ չանդրադառնա Հայաստանի վրա և չլինի ընդդեմ Հայաստանի։

- Հնարավո՞ր է, որ պատերազմի պարագայում Վրաստանը փակի Հայաստանի հետ սահմանը՝ մատակարարումների համար։ 

- Ապագայում կարող է փակել Հայաստանի ռազմական մատակարարումների համար, եթե Հայաստանն այս ուղղությամբ շատ ակտիվ աշխատանք չտանի։ Իսկ ճիշտ, ակտիվ աշխատանքի պարագայում Հայաստանի և Վրաստանի, արևմտյան գործընկերների օգնությամբ-միջամտությամբ այդ մատակարարումները չեն դադարի, հակառակ պարագայում Թուրքիայի և Ադրբեջանի ճնշումները բավարար կլինեն, որպեսզի Վրաստանը հրաժարվի տարանցիկ լինելուց։ Մենք գիտենք, որ Թուրքիան և Ադրբեջանը մեծ ազդեցություն ունեն Վրաստանի վրա։ Մի բան էլ ավելացնեմ, ինչպես Ադրբեջանի հետ են ստորագրել համագործակցության պլան հաջորդ տարվա համար, այդպես էլ Երեւանում նոյեմբերի 17-ին նմանատիպ համագործակցության պլան է ստորագրվել ՀՀ պաշտպանության նախարարի եւ Վրաստանի պաշտպանության նախարարի միջև։

- Ինչպե՞ս ընկալեցին Վրաստանում Փաշինյանի վերջերս արած հայտարարությունը, որ նա կողմ է Վրաստանի տարածքային ամբողջականությունը։ Դա միայն Վրաստանի՞ն էր ուղղված, թե՞ նաև իր հավատարմությունն էր հայտնում ադրբեջանա-թուրքական տանդեմին։ 

-Չեմ կարծում, որ Թուրքիային և Ադրբեջանին վերաբերվող բան կար Փաշինյանի հայտարարության մեջ, դա ուղիղ վերաբերում էր Վրաստանին, Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Դա բնականաբար վրացական հասարակության կողմից շատ լավ ընկալվեց, ինչպես նաև իշխանությունների կողմից շատ դրական գնահատականի արժանացավ։ Շատ կարևոր էր Հայաստանի դիրքորոշումը, այն նաև կարևոր էր Եվրամիության և ընդհանրապես արևմուտքի գործընկերների մասով, որովհետև Հայաստանը ճիշտ ուղերձներ էր հղում աշխարհին, որ ինքը կողմ է Վրաստանի տարածքային ամբողջականությանը։ Հակառակ պարագայում, ես կարծում եմ, կարող է բազմաթիվ խնդիրներ ստեղծվեին։ Անդրադառնալով Հայաստան մատակարարումների հարցին, կարծում եմ, սա շատ կարևոր արձանագրում էր Հայաստանի կողմից և Վրաստանը կշարունակի տարանցիկ լինել և ռազմական տեղափոխումները կշարունակվեն։ Այսինքն, Հայաստանը պետք է նման քաղաքականություն վարի և դա միայն ու միայն դրական կանդրադառնա Հայաստանի վրա և Հայաստանի համար։

1