«Ես Պուտինին եմ հավատում»

ՀԴԲ-ի նախկին փոխտնօրենը բացահատել է Թրամփի սկանդալային խոստովանությունը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հետախուզական ծառայության բարձրաստիճան պաշտոնյաների հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ավելի շատ է վստահում, քան նրանց:

Ինչպես գրում է The Guardian-ը, նման սկանդալային բացահայտմամբ է հանդես եկել Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին փոխտնօրեն Էնդրյու ՄըքՔեյբը:

Նախկին պաշտոնյան մանրամասնել է, որ թեպետ ամերիկյան հետախուզական գործակալությունները վստահ են եղել, որ Հյուսիսային Կորեան իր բալիստիկ հրթիռներով ԱՄՆ-ին հարվածելու հնարավորություն ունի,  սակայն Թրամփն ասել է, որ Պուտինն իրեն հակառակն է  համոզել:

«Ինձ համար միևնույն է, ես Պուտինին եմ հավատում»,- Հյուսիսային Կորեայի հրթիռային սպառնալիքի թեմայով բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկման ժամանակ հայտարարել է Թրամփը:

ՄըքՔեյբի կարծիքով՝ Թրամփի ասածն ուղղակի շոկային է:

«Նախագահն ասել է, որ չի հավատում, որ հյուսիսկորեացիները բալիստիկ հրթիռներով ԱՄՆ-ին հարվածելու հնարավորություն ունեն: Եվ նա դրան չէր հավատում, քանի որ նախագահ Պուտինն իրեն ասել էր, որ հյուսիսկորեացիները չեն կարող նման բան անել: Նախագահ Պուտինն ասել էր, որ Հյուսիսային Կորեան իրականում այդպիսի հրթիռներ չունի»,-մանրամասնել է ՄըքՔեյբը:

Վերջինի խոսքով՝ հետախուզական ոլորտի պաշտոնյաները փորձել են նախագահին հակադարձել՝ ընդգծելով, որ դա հակասում է իրենց ունեցած հետախուզական տվյալներին, սակայն Թրամփը դրան ի պատասխան ասել է.«Ինձ համար միևնույն է, ես Պուտինին եմ հավատում»: