ԳՈՐԾԵԼՈՒ ԵՐԿՈՒ ՃԱԿԱՏՆԵՐԸ
Մի կարծեք, թե Արևմուտքը, քրիստոնյա աշխարհն ու Հռոմի պապը անմիջապես ու առանց վարանելու կդատապարտեն, նեցուկ կկանգնեն մեզ ու գործուն քայլերի կդիմեն Արցախն ու արցախահայությանը փրկելու համար։ Բոլորն ունեն իրենց հաշվարկները, հաշիվներն ու առևտրի գինը։ Բայց դա ամենևին էլ չի բացառում, որ իրենք կարող են գործել ու աջակցել մեզ՝ կրկին ունենալով իրենց հաշիվներն ու հաշվարկները։
Իսկ գործելու համար իրենք ուշի ուշով հետևելու ու արձանագրելու են բոլոր այն քայլերը, որոնք կարվեն մեր կողմից, մեր իսկ շահերը պաշտպանելու համար։
Ես շատ քիչ կասկած ունեմ, որ այսօրվա ՀՀ իշխանություն կոչվածն ու ընդդիմությունը կառավարվում ու ուղղորդվում են մի կետից։ Կներեք, ես այդպես եմ մտածում համադրելով բազում ու բազմապիսի ակնհայտ ու անհերքելի փաստեր ու գործողությունների տրամաբանություն։ Բարեբախտաբար կամ դժբախտաբար, ես միակը չեմ, որ այդպես է կարծում․․․
Հակառակը կարծելու հիմքեր չունեմ։ Վերջին կռվանը, կամ լակմուսի թուղթը, որը վերջնականապես կփարատի այդ կասկածները, դա ՀՀ Ազգային ժողովի կողմից Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումներին ու ցեղասպանությանն առնչվող հայտարարությամբ հանդես գալն է, որը տակավին տեղի չի ունեցել։ Ոչ իշխանությունները, ոչ էլ ընդդիմությունը նույնիսկ ակնարկ չեն արել դրա մասին, այնինչ պետք է գումարվեր արտահերթ նիստ և ընդունվեր տեղի ունեցած ցեղասպանությունը դատապարտող փաստաթուղթ ու կոչ՝ ուղղված աշխարհի բոլոր խորհրդարաններին՝ տեղի ունեցածի վերաբերյալ ՀՀ հստակ դիրքորոշումն ու գնահատականը ներկայացնելու համար։ Կրկնում եմ, սա իրական լակմուսի թուղթն է, երբ հստակ պարզ կդառնա թե, ով, ով է և ինչ խաղ է խաղում պետականության ու հայ ժողովրդի ճակատագրի հետ։
Հիմա մի պահ եկենք հիշենք Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթում տեղ գտած շեշտադրումներն ու ձևակերպումները՝ հտկապես մեղադրանքների մասով։ Նման տեքստ կարդալուց հետո, պետք է հետևեին կոնկրետ գործողություններ, որոնք տեղի չունեցան ու պետություն ու պետականություն փրկելու հայտարարությունները շատ արագ վերածվեցին էժան լրագրողական շանտաժի, կամ էլ, եթե կուզեք, հերթական գործակալական-տեղեկատվական օպերացիայի։
Այդպիսի տեքստ կարդալուց հետո անմիջապես պետք է որոշում կայացվեր հայկական կողմի ստորագրությունը նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունից հետ կանչելու մասին, որով այդ փաստաթուղթը կդառնար առ ոչինչ։ Իսկ ՔՊ-ականներից կա՞ մեկը, ով կհիմնավորի այդ ստորագրությունը թողնելու նպատակահարմարությւնն ու կարևորությունը այս պահին։
Արտաքին ճակատում մեր նպատակակետերը նախանշելու և արդյունքների հասնելու համար պետք է ներքին ճակատում արվեն հստակ քայլեր։
Նորից ու նորից․ պարտադիր պետք է ԱԺ արտահերթ նիստ գումարվի, տեղի ունեցած ողբերգությանը տրվի հստակ գնահատական ու բնութագրում, որից հետո կազմվում է կոչ՝ ուղղված աշխարհի խորհրդարաններին միջազգային կառույցներին՝ հումանիտար միջամտություն իրականացնելու համար։
Եթե ալարում եք կամ վախենում եք, այդ երկու տեքստերը նախագծի տեսքով անձամբ կարող եմ կազմել ու տրամադրել Ազգային ժողովին։
Արցախը դեռ կարելի է փրկել․․․
0Comments