Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Լեհաստանին մեղադրել է դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիան խախտելու մեջ: Այսօր Վարշավայի իշխանությունները ժամանել են ՌԴ դեսպանատանը կից դպրոց, փակել դարպասները եւ սկսել շենքը հօգուտ Լեհաստանի առգրավելու գործընթացը, հաղորդում է Կոմերսանտը։
Ռուսաստանի ԱԳՆ-ն կատարվածը գնահատում է որպես «դպրոցի զավթում» եւ «հերթական ոտնձգություն Ռուսաստանի դիվանագիտական անշարժ գույքի նկատմամբ»։
«Վարշավայի նման լկտի, միջպետական քաղաքակիրթ շփման շրջանակներից դուրս քայլը չի մնա առանց մեր կոշտ արձագանքի եւ հետեւանքների լեհական իշխանությունների եւ Ռուսաստանում Լեհաստանի շահերի համար»,-ասվում է ԱԳՆ-ի հայտարարության մեջ։
Երեկ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մտադիր է առգրավել անշարժ գույքի օբյեկտները, որոնք Ռուսաստանը զբաղեցնում է ապօրինի հիմքերով: Խոսքը, մասնավորապես, Լեհաստանի մայրաքաղաքի Կելեցկայա փողոցում գտնվող ՌԴ դեսպանատանը կից դպրոցի մասին է, որտեղ այսօր ոստիկանները սկսել են առգրավման գործընթացը: Դարպասները փակել են, որպեսզի հնարավոր չլինի գույքը դուրս բերել շենքից։
Լեհաստանի ԱԳՆ-ն հայտարարել է անշարժ գույքը «օրինական սեփականատիրոջը»՝ պետական գանձապետարանին հանձնելու եւ այդ շենքերում Ուկրաինայում ռազմական գործողությունների հետեւանքով տուժածներին տեղավորելու մտադրության մասին: Լեհաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեեւը հայտարարել է, որ դպրոցը կտեղափոխեն այլ շենք: Լեհաստանի իշխանությունների գործողությունները նա անվանել է անօրինական։
0Comments