50 երկրների հետ հավաքել ենք 700 տանկ, 1000 հրետանային համակարգ, 2 մլն արկ, ՀՕՊ համակարգեր. Բայդեն

Մանրամասներ

ԱՄՆ-ը և նրա դաշնակիցներն ամբողջ աշխարհում խոստացել են Կիևին մատակարարել շուրջ 700 տանկ և հազարավոր միավոր այլ զրահատեխնիկա։ Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է այսօր Կիևում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում։

Նրա ելույթը հեռարձակվել է NBC հեռուստաալիքով։

Միացյալ Նահանգների ղեկավարը նշել է, որ ԱՄՆ-ին հաջողվել է ստեղծել երկրների կոալիցիա Ատլանտյան օվկիանոսից մինչև Խաղաղ օվկիանոս՝ բաղկացած ավելի քան 50 պետություններից։

«Ավելի քան 50 գործընկեր երկրների հետ միասին մենք հավաքել ենք ավելի քան 700 տանկ և հազարավոր զրահամեքենաներ, 1000 հրետանային համակարգեր, ավելի քան 2 միլիոն հրետանային արկեր, ավելի քան 50 համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր… և հակաօդային պաշտպանության համակարգեր», – ասել Է նա։

ԱՄՆ նախագահի խոսքով՝ այս ամենն անհրաժեշտ է Ուկրաինայի պաշտպանությունն ապահովելու համար:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անակնկալ այց է կատարել Կիև: Սա Բայդենի առաջին այցն է Ուկրաինա՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց ի վեր: Բայդենը հայտարարել է 500 միլիոն դոլարի ԱՄՆ օգնության նոր փաթեթի մասին, որն ընդգրկում է հրետանային զինամթերք և հակատանկային զինատեսակներ: Բայդենը նաև հայտնել է, որ այս շաբաթ Ռուսաստանի դեմ ամերիկյան նոր պատժամիջոցներ կսահմանվեն: