Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակում է լուրջ մարտահրավեր հանդիսանալ տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու կայունության համար: ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Նրա արձանագրմամբ` այս փաստը հաստատում են Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի դեմ ուղղված հակահայկական հռետորաբանությունը, Լաչինի միջանցքի շրջափակումը:
«2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից ավելի քան երկու տարի անց էլ Ադրբեջանը հրաժարվում է հայրենադարձել բոլոր հայ ռազմագերիներին, և այլ պահվող անձանց՝ խախտելով Ժնևի կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները, Եռակողմ հայտարարությունը և միջազգային հանրության մշտական կոչերը: Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն, Բաքվում դեռեւս պատանդ է պահվում 33 մարդ: Ես պետք է ընդգծեմ նաև երկու տասնյակ փաստագրված բռնի անհետացման դեպքերը․ մենք տիրապետում ենք հայ ռազմագերիների գերեվարման անվիճելի, արձանագրված փաստերին, սակայն Ադրբեջանը մերժում է նրանց գերեվարումը», – ասել է Արարատ Միրզոյանը:
Հայաստանը, նրա խոսքերով, խիստ մտահոգված է նաեւ 2020թ. պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության վիճակով: ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության գործուղումը Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, որի շուրջ քննարկումները շարունակվում են 2020թ. նոյեմբերից, դեռևս մերժվում է Ադրբեջանի կողմից:
«Հասկանալի է, որ ներկայումս ԵԱՀԿ-ն լավագույն օրերը չի ապրում, և իրավիճակը Հարավային Կովկասում միակ ճգնաժամը չէ, որին բախվում է Կազմակերպությունը։ Միևնույն ժամանակ, կարծում ենք, որ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում առկա բոլոր հակամարտությունները պետք է լինեն կազմակերպության և նրա մարմինների պատշաճ ուշադրության առարկա։ ԵԱՀԿ-ը Մինսկի խմբի համանախագահության հետ միասին ի սկզբանե ներգրավված է եղել Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման մեջ։ Չնայած բոլոր մարտահրավերներին՝ Մինսկի խումբը դեռ պատասխանատվություն ունի, քանի որ հակամարտության քաղաքական կարգավորումը դեռևս տեղի չի ունեցել», – ընդգծել է Արարատ Միրզոյանը ու ավելացրել. «ԵԱՀԿ-ն կարող է իր կառույցների ներգրավվածության միջոցով կարևոր դեր խաղալ ոչ միայն խաղաղության հասնելու, այլև՝ այն պահպանելու գործում»:
0Comments