ՀԱՊԿ-ը սպառնում է Հայաստանին. Հաշտվեք տարածքային կորուստների հետ

Մանրամասներ
ա

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը չի պատրաստվում հեռանալ Հայաստանից եւ երես չի թեքում Հայաստանի խնդիրներից։ Որպես օրինակ նա նշել է Հայաստանին օգնության փաստաթուղթը, որը չի ընդունվել եւ ուղարկվել է լրամշակման, թեեւ այդպես էլ չմանրամասնեցին, թե դա ինչ օգնություն է։

Բայց առանց դրա էլ պարզ էր, թե ինչ է, ՀԱՊԿ երեւանյան հավաքի ժամանակ հնչած հայտարարությունները պարզում են պատկերը։ ՀԱՊԿ մասնակից երկրները հրաժարվել են ստորագրել հայտարարությունը, որում ամրագրված էր Բաքվի զորքերի դուրսբերման եւ ագրեսիայի դատապարտման դրույթը։ Այսինքն, ՀԱՊԿ-ը ՌԴ գլխավորությամբ առաջարկում էր ամրագրել «ստատուս-քվոն», այսինքն՝ հաշտվել «նոր սահմանի» հետ, այնտեղ «դիտորդներ» տեղակայելով։

Սա արդեն խոստովանեց ինքը Զասն այսօրվա ասուլիսում, պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀԱՊԿ անդամ պետությունները չեկան և չօգնեցին դեօկուպացնել Հայաստանի տարածքները․ «Պետք է հասկանալ նման քայլերի հնարավոր հետևանքները՝ ընդհուպ մինչև տեղի պետությունների մասնակցությամբ տարածաշրջանային պատերազմի սանձազերծումը, ուստի, կարծում եմ, որ այն լուծումները, որոնք առաջարկվել են պետությունների ղեկավարներին, այդ թվում ՝ մոնիթորինգային առաքելության արդյունքներով, դրանք շատ ադեկվատ և հավասարակշռված էին»։

Ռուսաստանը ներկայում Հայաստանի դեմ կանգնած է ուղիղ, իր դեմքով, եւ դա անխուսափելի էր՝ հնարավոր չէ անվերջ ծածկվել ցապարական բարբարոս ցեղի քրքրված տերեւով։ Այդ պատճառով էլ ցանկացած արդարացում վեր է ածվում խոստովանության, իսկ Բաքվում իր մարտական մկրտությունը ստացած Զասի բերանով այդ խոստովանությունը հնչում է զինվորականի պարզությամբ։

Հաշտվեք տարածքային կորուստների հետ, թե չէ ավելի վատ կլինի՝ ահա ռուսական ուղերձը հայերին։ ՀԱՊԿ-ն էլ չի հեռանա, քանի որ Հայաստանի դեմ Մոսկվայի քաղաքականության հարմար գործիք է, հատկապես ՀԱՊԿ մնալ-չմնալու շուրջ երեւանյան կամակատար իշխանությունների միմոսությունների ու ռուսանպաստ մեդիա-քաղաքական խաժամուժի՝ Զասին համահունչ քարոզչական աղբի ֆոնին։

Հայաստանի իշխանությունը դիմել է ՀԱՊԿ-ին, այդպիսով լիովին օրինական հիմքեր տալով այդ բլոկի՝ հայկական պաշտպանական կարողությունների հետախուզման, սահմանափակման եւ անհրաժեշտ տեղեկությունները Բաքվին փոխանցելու գործառույթին։ Հայաստանի իշխանությունը դիմել է ՀԱՊԿ-ին՝ խորհրդարանում ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումն ընդունելու փոխարեն, ինչն առնվազն թույլ կտար խուսափել այս հեռանկարից։ Ահա եւ հետեւանքը, որը պարզ բացատրում է Ռուսաստանը Զասի միջոցով։

Սկզբնաղբյուր