ԱՄՆ-ն հայտնում է բեկումնային հաջողության մասին. Էժան և անսահմանափակ էներգիան դառնում է իրականություն

Մանրամասներ
ա

Ամերիկացի գիտնականները հայտարարել են ջերմամիջուկային էլեկտրակայանների ստեղծման ճանապարհին մեծ հաջողության մասին։ Նրանք պնդում են, որ առաջին անգամ իրենց հաջողվել է ջերմամիջուկային ռեակտորից ավելի շատ էներգիա կորզել, քան օգտագործվել է այն գործարկելու համար: Դրանով, ինչպես ասում են հետազոտողները, նրանք հաղթահարել են մի մեծ խոչընդոտ, որը տեսականորեն կարող է մարդկությանը մաքուր էներգիայի գրեթե անսպառ աղբյուր ապահովել, Լրագրի փոխանցմամբ՝ հայտնում է BBC-ն: Փորձն իրականացրել են Լիվերմորի ազգային լաբորատորիայի գիտնականները Կալիֆորնիայում: Դրա արժեքը կազմել է 3,5 միլիարդ դոլար։ Սակայն, ըստ փորձագետների, դեռ շատ հեռու է այն պահը, երբ նման ռեակտորներն իրականում կարող են էլեկտրաէներգիա արտադրել սպառողների համար։

Լոնդոնի Կայսերական քոլեջի պլազմայի ֆիզիկայի պրոֆեսոր Ջերեմի Չիտենդենը BBC-ին տված հարցազրույցում ամերիկացի գիտնականների հայտարարությունն անվանել է «իսկական բեկում»։ Միաժամանակ Չիտենդենը հիշեցրել է, որ այն էներգիան, որը ստացվել է փորձի արդյունքում, բավական է միայն 10-15 թեյնիկ ջուր եռացնելու համար, և դրա վրա ծախսվել են միլիարդավոր դոլարներ։ «Եթե մենք ուզում ենք հասնել էլեկտրակայանների կառուցմանը [ջերմամիջուկային սինթեզի հիման վրա], ապա պետք է ամեն վայրկյան նման փորձեր անենք: Իսկ հիմա դրանցից յուրաքանչյուրին պատրաստվելու համար անհրաժեշտ է մեկ ամբողջ օր»,- ասում է փորձագետը։

Սինթեզի միջուկային ռեակցիայի ժամանակ բարձր ջերմաստիճանի ազդեցությամբ թեթև ատոմային միջուկները միանում են՝ ստեղծելով ավելի ծանր միջուկներ և անջատելով ահռելի էներգիա։ Դա այն է, ինչ տեղի է ունենում Արևի վրա և ատոմակայաններում կիրառվող ռեակցիայի՝ տրոհման հակառակ տարբերակն է։

Սինթերի ռեակցիան, ի տարբերություն տրոհման ռեակցիա, ավելի քիչ ռադիոակտիվ թափոններ է առաջացնում, որոնք քայքայվում են շատ ավելի արագ, քան ատոմակայանների թափոնները, որոնց քայքայումը կարող է հարյուրավոր տարիներ տևել։ Բացի այդ, սինթեզի ռեակցիան ջերմոցային գազերի արտանետման պատճառ չի դառնում։ Սինթեզի ռեակցիայի համար օգտագործվում է ջրածին, որը կարելի է կորզել ծովային ջրից և լիթիումից։