ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչում մրցում էին Անգլիայի և Ֆրանսիայի հավաքականները։
Հանդիպումը երկու թիմերն էլ ակտիվ էին սկսել, և 17-րդ րոպեին Գրիզմանի փոխանցումից հետո Չուամենին բացեց հաշիվը։ Այս գոլից հետո խաղի տեմպը մի փոքր ընկավ։
Երկրորդ կեսն անցավ գերլարված․ նախ, 48-րդ րոպեին Ջուդ Բելինգհեմը ուժեղ հարվածով սպառնաց Ֆրանսիայի դարպասին, բայց Լյորիսը որսաց գնդակը։ Հարկ է նշել, որ դարպասապահ Ուգո Լյորիսը խաղադաշտ դուրս եկավ Ֆրանսիայի հավաքականի կազմում և գերազանցեց Լիլիան Թյուրամի ռեկորդը ազգային հավաքականում խաղերի քանակով։ Սա 35-ամյա դարպասապահի 143-րդ հանդիպումն էր Ֆրանսիայի հավաքականի կազմում։ Իսկ ահա Ջուդ Բելինգհեմը դարձավ Անգլիայի հավաքականի ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որը մասնակցել է ԱԱ-ի քառորդ եզրափակչի խաղին։ Նա գերազանցեց Ռունիի ռեկորդը:
52-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց ֆրանսիացիների դարպասին․ գնդակին մոտեցավ Հարի Քեյնը, որն էլ գրավեց «Տոտենհեմում» իր թիմակից Ուգո Լյորիսի դարպասը։ Հարի Քեյնն իր 53-րդ գոլը խփեց հավաքականի կազմում և Ռունիի հետ կիսում է Անգլիայի ընտրանու բոլոր ժամանակների ռմբարկուների առաջին հորիզոնականը։
Շատ չանցած՝ հետևեց Ադրիեն Ռաբյոյի հուժկու հարվածը, որը Փիքֆորդը մատների ծայրով դուրս մղեց։
Երկու թիմերը պարբերաբար վտանգավոր գրոհներ էին ձեռնարկում, ինչի արդյունքում 78-րդ րոպեին Գրիզմանը ձախ եզրից գնդակն ուղարկեց մրցակցի դարպասային հրապարակ, որտեղ առաջինը գնդակին հասավ Օլիվյե Ժիրուն՝ կրկնապատկելով հաշիվը։ Ի դեպ, Գրիզմանը կատարեց իր 28-րդ գոլային փոխանցումը Ֆրանսիաի հավաքականի կազմում, որը վերջին 50 տարվա ընթացքում լավագույն ցուցանիշն է։
84-րդ րոպեին ֆրանսիացիները կանոնները խախտեցին Մեյսոն Մաունթի նկատմամբ, մրցավարը կրկին 11-մետրանոց նշանակեց, գնդակին կրկին մոտեցավ Քեյնը, սակայն այս անգամ գնդակն ուղարկեց տրիբունաներ։ Ավելացված ժամանակի վերջին րոպեին անգլիացիները տուգանայինի իրավունք վաստակեցին նպաստավոր դիրքում, սակայն Ռեշֆորդը մի փոքր վերև հարվածեց։
Հանդիպման մնացած ժամանակում թեև թիմերը ուժ չէին խնայում հաշվի մեջ փոփոխություն մտցնելու համար, սակայն այն մնաց նույնը և աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան դուրս եկավ կիսաեզրափակիչ։
armsport.am
0Comments