
Խերսոնի մարզում ռուսական զորքերի դուրսբերումը Դնեպրի աջ ափից Ուկրաինայի զինված ուժերին թույլ կտա կրակային հսկողության տակ վերցնել Ղրիմ տանող «ցամաքային կամուրջը»՝ պարանոցը, որը գտնվում է Խերսոնից մոտ 100 կմ հեռավորության վրա, գրում է. Financial Times-ը։
Խոսքը Խերսոն - Արմյանսկ, Խերսոն - Մելիտոպոլ և Մելիտոպոլ - Ջանկոյ երթուղիների մասին է։ Այդ ուղիներով Ռուսաստանն իր զորքերը մատակարարում է Ուկրաինայի հարավում և Ղրիմում։ Բացի մատակարարման ուղիներից, ուկրաինական բանակը կկարողանա օգտագործել հեռահար հրետանի՝ թերակղզում ռուսական զինամթերքի պահեստներ և նյութատեխնիկական ապահովման օբյեկտներ խոցելու համար:
Ուկրաինայի պաշտպանության նախարարության խորհրդական Սերխի Կուզանի խոսքով՝ Խերսոնի շրջանը «ռազմավարական տեսանկյունից կարևոր է, քանի որ այն մեզ տալիս է կրակի հսկողություն Ղրիմից եկող ճանապարհների վրա, որոնք ռուսներն օգտագործում են որպես մատակարարման գծեր»։ «Դա շատ մեծ հարված կլինի ռուսական ուժերին»,- կանխատեսում է նա։
Չնայած Դնեպրի աջ ափից ռուսական զորքերի դուրսբերման հայտարարությանը, ըստ Կուզանի, «նրանց լավագույն ցամաքային ուժերը մնացին» Խերսոնի շուրջը, և Դնեպրի արևելյան կողմում տեղակայված հրետանին կարող է հասնել ճակատային գիծ:
Մինչդեռ Խերսոնի ազատագրումը Ուկրաինային հնարավորություն չի տա անմիջապես լայնածավալ հարձակում սկսել Ղրիմի դեմ, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով անանուն արևմտյան պաշտոնյային։ Նա նշում է, որ Ուկրաինայի զինված ուժերի համար դեպի Ղրիմ անցումը կխոչընդոտվի թերակղզու հետ սահմանին ամրացված պաշտպանական գծերի պատճառով։
0Comments