Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Ռուսաստանի հայերի միության Կրասնոդարի երկրամասի Մոստովի շրջանի մասնաճյուղը շարունակում է միջոցներ հավաքել Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողության» մասնակից զինվորների ու սպաների համար:
Այս առնչությամբ, «Russia-armenia.info» լրատվական կայքի խմբագիր, Հայ-ռուսական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արամ Խաչատրյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է, որ Ռուսաստանի հայերի միությունը արդեն մի քանի տարի մարդասիրական օգնություն է ցուցաբերում Դոնբասի բնակիչներին. «Հատուկ ռազմական գործողություն սկսելուց հետո Ռուսաստանի հայերի միությունը, որն ունի իր ստորաբաժանումները Ռուսաստանի գրեթե բոլոր ռեգիոններում, մոտ հազար տոննա մարդասիրական օգնություն է ուղարկել: Դա մոտ մոտ 16-17 վագոն է: Հիմա հերթական մարդասիրական օգնությունն է մեկնել Կրասնոդարի երկրամասից, որի ղեկավարը հայտնի հայ գործարար, հանրային գործիչ Կամո Հայրապետյանն է»,-ասաց Արամ Խաչատրյանը:
Նա հավելեց, որ մեկ շաբաթ առաջ Մոսկվայում տնտեսական ֆորումի ժամանակ Ռուսաստանի առևտրա-արդունաբերական պալատի փոխնախագահը հայտարարեց, որ Ռուսաստանում հայերի թիվը կազմում է մոտ 3,5 մլն մարդ:
«Հայերի մի մեծ մաս ապրում է Կրասնոդարի երկրամասում, Ռոստովի մարզում, Սատվրոպոլում և այլն: Նրանք հավաքում են մարդասիրական օգնություն և ուղարկում ռուս զինվորներին, Ռուսաստանի զինված ուժերին, որոնք այնտեղ Դոնբասում իրականացնում են ազատագրական գործունեություն, պայքարում են, որ չոչնչացնեն Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների խաղաղ բնակիչներին: Երբ Պուտինն սկսեց հատուկ ռազմական գործողությունը, մինչ այդ արդեն Դոնեցկում և Լուգանսկում 8 տարիների ընթացքում զոհվել էր մոտ 14 հազար խաղաղ բնակիչ:
Ուկրաինայում նույնպես հայեր են ապրում, որոնք կռվում են Ուկրաինայի զինված ուժերում: Այնտեղ կա Ուկրաինայի հայերի միություն, որը մարդասիրական օգնություն է հավաքում Ուկրաինայի բանակի համար»,-ասաց Արամ Խաչատրյանը՝ հավելելով, որ Ռուսաստանում մարդասիրական օգնություն հավաքում են շատ կազմակերպություններ, շատ ազգային համայնքներ:
Հարցին, թե կա՞ վիճակագրություն, թե քանի հայ է մասնակցում պատերազմին, նա պատասխանեց. «Ոչ ոք նման տեղեկատվություն չի տա, դա թերևս գաղտնիք է: Կարծում եմ՝ այդպիսի վիճակագրություն չի վարվում: Բայց եթե մտածենք, որ կազմում ենք Ռուսաստանի բնակչության 2 տոկոսը, հետևաբար, կարելի է ենթադրել, որ ՌԴ զինված ուժերի 2 տոկոսը հայերը պետք է լինեն: Եթե բանակը 100 հազար է, ապա 2 հազար հայ կլինի, եթե 200 հազար է, ապա 4 հազար հայեր կռվում են»:
0Comments