Կայանման համար ապօրինի գումար գանձողները պատասխանատվության կենթարկվեն

Անթույլատրելի է, որ կողմնակի անձինք առանց օրինական թույլտվության իրականացնեն ձեռնարկատիրական գործունեություն՝ լրացուցիչ գումարներ գանձնելով այն քաղաքացիներից

Երևանի կենտրոնական փողոցներում կարմիր գծանշումներով վճարովի, նաև որոշ անվճար ավտոկայանատեղիներում ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու և մեքենաների կայանման լրացուցիչ գումարներ գանձելու համար մի շարք քաղաքացիներ հրավիրվել են ոստիկանություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Անթույլատրելի է, որ կողմնակի անձինք առանց օրինական թույլտվության իրականացնեն ձեռնարկատիրական գործունեություն՝ լրացուցիչ գումարներ գանձնելով այն քաղաքացիներից, որոնք արդեն իսկ վճարել են տեղի կայանման տուրքը: Երևույթը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանը ոստիկանության աջակցությամբ իրականացնում է մի շարք միջոցառումներ», - նշել է քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների վարչության պետի ժ/պ Հովիկ Սաֆարյանն ու հավելել, որ քաղաքացիները տեղեկացվել և զգուշացվել էին՝ դադարեցնելու  անօրինական գործունեությունը:

Նախապատրաստված նյութերը կուղարկվեն համապատասխան մարմիններ: Օրինազանց քաղաքացիները կկրեն վարչական պատասխանատվություն՝ 200 հազարական դրամի չափով: Ընդ որում, եթե որոշակի ժամանակահատվածում գանձված գումարների և չվճարված հարկերի ընդհանուր գումարը գերազազանցում է 500 հազար դրամը, ապա օրենսդրությունը սահմանում է քրեական պատասխանատվություն: 


 

Աղբյուր` Panorama.am