Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) զեկույց է հրապարակել իր փորձագետների պատվիրակության՝ ռուսական զորքերի կողմից օկուպացված Զապորոժիեի ատոմակայանի տարածք կատարած այցից հետո։ Հանձնաժողովի հիմնական եզրակացությունն այն է, որ կայանում իրավիճակը սպառնալից է, գրում է BBC-ն։
Զապորոժիեի ատոմակայանը ամենամեծն է Եվրոպայում՝ վեց միջուկային ռեակտորներով։ Կայանը ռուս զինվորականների ձեռքում է արդեն վեց ամիս։
ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը կարողացել է հասնել ԶԱԷԿ միայն սեպտեմբերի 1-ին՝ բազմաթիվ խոչընդոտներ հաղթահարելուց հետո։ Գրեթե ամբողջ ամառ ՄԱԿ-ի և Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահների մակարդակով բանակցությունները շարունակվել են անկախ փորձագետներին կայան մուտքի թույլտվության վերաբերյալ։
Հիմնական հարցը, որին պետք է պատասխաներ ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը, այն էր, թե որքանո՞վ է իրական (ավելի ճիշտ՝ որքանո՞վ է մեծ) լայնածավալ ճառագայթային աղտոտման սպառնալիքը։
ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը հիմնված է միջազգային փորձագետների դիտարկումների և եզրակացությունների վրա, որոնք աշխատել են Ուկրաինայում ապրիլի 28-ից սեպտեմբերի 5-ը։ Փաստաթղթի ամենածավալուն մասը նվիրված է Զապորոժիեի ատոմակայանում տիրող իրավիճակին։
ՄԱԳԱՏԷ-ն նշում է, որ մարտ ամսից, երբ կայանը գրավեցին ռուսական ուժերը, այնտեղ իրադրությունը վատթարացել է բոլոր ուղղություններով, ինչը գործակալությունը անվանում է «միջուկային անվտանգության յոթ կարևոր բաղադրիչներ»:
0Comments