«Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն այսօր լրագրողների հետ զրուցում անդրադարձել է Փաշինյան-Ալիև վերջին հանդիպմանը:
Վերջինս նշել է, որ Մինսկի խմբի բանակցությունները վերակենդանանում են, և այս առումով հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում։
«Նվազել է սահմանային լարվածությունը, Ադրբեջանի կողմից հայտարարությունները կարծես թե խաղաղության նախապատրաստվելու հայտարարություններ են։ Տեսնում եմ, որ նախապատրաստում են երկու երկրների ղեկավարների հանդիպումը։ Դժվարանում եմ ասել, թե այդ հանդիպումներն ինչ հաջողություններ կունենան, բայց փաստ է, որ Փաշինյան-Ալիև պաշտոնական հանդիպում են նախապատրաստում»,-ասել է նա:
Քաղաքագետի համոզմամբ՝ բանակցային գործընթացի վերակենդանացումը պայմանավորված է, նախ՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությամբ, որից հետո իշխանության եկածները փորձում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ որոշակի կապ հաստատել, մյուս կողմից էլ՝ Ադրբեջանն ինչ-որ կերպ ձգտում է միջազգային քաղաքականության մեջ բարելավել իր կերպարը:
Նրա խոսքով, չնայած Ադրբեջանի կողմից բավականին նվազել է սահմանային լարվածությունը թե՛ արցախաադրբեջանական, թե՛ հայ-ադրբեջանական սահմանին, սակայն բանակցային գործընթացում այդ երկրի դիրքորոշումը հստակ է՝ նա պատրաստ չէ փոխզիջումների, նրա համար ընդունելի է միայն հայկական կողմից զիջումների գնալու տարբերակը:
«Այս տարբերակն ընդհանրապես չի համընկնում հայկական կողմի դիրքորոշման հետ, այդ պատճառով էլ դժվար է ասել, թե սահմանային այս հանդարտությունը որքան կպահպանվի»,- նշեց նա:
Անդրադառնալով բանակցային գործընթացում Արցախի ներգրավվածությանը, Իսկանդարյանը հայտնեց, որ այս պահին անհնար է բանակցություններին Արցախի մասնակցությունը, քանի որ Ադրբեջանը դրան պատրաստ չէ. «Անլուրջ է, որ Արցախը կարող է մասնակցել բանակցություններին»:
0Comments