Ինքնահռչակ Կոսովոյի և Մետոհիայի Հանրապետության ղեկավարությունը մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 1-ը, հետաձգել է սերբական փաստաթղթերի վրա արգելք սահմանելու ընթացակարգը։
Հանրապետության իշխանությունները պահանջել են վերացնել բոլոր բարիկադները և սահմանել տեղաշարժի լիակատար ազատություն Կոսովոյի հյուսիսում:
Հուլիսի 31-ին ինքնահռչակ Կոսովոյի և Մետոհիայի Հանրապետության սերբ բնակչությունը բողոքի ակցիաներ է անցկացրել շրջանի գլխավոր մայրուղիներում, սկսել է բարիկադներ կառուցել, մի քանի տասնյակ մարդիկ փակել են Պրիշտինա-Ռասկա գլխավոր ճանապարհը։
ՏԱՍՍ–ի փոխանցմամբ՝ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժողովրդին ուղղված ուղերձում ասել է, որ իրավիճակը Կոսովոյում և Մետոհիայում առավելագույնս բարդացել է սերբերի համար։ Նա զգուշացրել է օգոստոսի 1-ից սերբական փաստաթղթերն անվավեր ճանաչելու Պրիշտինայի ծրագրերի մասին։
Ինքնահռչակ հանրապետության վարչապետ Ալբին Կուրտին ավելի վաղ հայտարարել էր, որ տարածաշրջանում ապրող սերբերին անհրաժեշտ է մինչև սեպտեմբերի 30-ը վերագրանցել իրենց մեքենաները չճանաչված պետության նորմերին համապատասխան։ Իր հերթին Վուչիչը հայտնել է, որ սեպտեմբերի 30-ից Պրիշտինան նախատեսում է արգելել մուտքը սերբական ներքին փաստաթղթերի, ինչպես նաև սերբական իշխանությունների կողմից թողարկված համարանիշներով մեքենաների համար։
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ միջնորդությամբ Բելգրադի և Պրիշտինայի միջև երկխոսությունը կօգնի թուլացնել լարվածությունը տարածաշրջանում և կանխել հետագա էսկալացիան։
Արևմտյան Բալկաններում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ինքնահռչակ Կոսովոյի Հանրապետության որոշումը՝ ընդունելու Բորելի առաջարկը՝ սերբական փաստաթղթերի արգելքը մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 1-ը հետաձգելու վերաբերյալ։ Նա նաև հավելել է, որ այժմ բոլոր բարիկադները պետք է հանվեն։
Հիշեցնենք, որ երեկվանից լարված իրավիճակ էր Սերբիա-Կոսովո հարաբերություններում։
0Comments