«Եթե վարչապետը չի կարող տեղեկանալ իր ենթակայության տակ գտնվող կառույցների գործունեությանը, եթե չի անում նա, ուրեմն չի կարող զբաղեցնել այդ պաշտոնը»,-ԼՈՒՐԵՐ.com-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը և հավելել, որ պետք է ստուգվեն բոլոր փաստերը:
Փաստաբանը վստահեցնում է՝ եթե դատարանի որոշումը չբավարարի իրենց՝ անպայման բողոքարկելու են այն, ինչպես նաև քրեական գործ պետք է հարուցվի ՊԵԿ նախագահի դեմ՝ այն բանի համար, որ Կարեն Կարապետյանի չաշխատելու դեպքում բյուջեից 4 միլիոնից ավել գումար է դուրս գրել իբրև աշխատավարձ. «Օրենքը պարտավոր են պահել ու կապ չունի, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնում»:
ԼՈՒՐԵՐ.com-ի այն դիտարկմանը, թե ինչպե՞ս կմեկնաբանի այն, որ Կարեն Կարապետյանի անունը բազմիցս կապվել է կոռուպցիոն սխեմաների, կոռուպցիոն բուրգերի հետ, ինչի մասին և նշանակման օրերին անընդհատ թմբկահարում էր մամուլը, փաստաբան Տիգրան Հայրապետյանը պատասխանել է. «Լավ հարց եք տալիս, բայց ՊԵԿ նախագահը կադրեր նշանակելիս հաստատ հաշվի է առել մարդու կենսագրությունը, և եթե Կարեն Կարապետյանի անունը ուղղակի կամ անուղղակի կերպով կապվել է որևէ կոռուպցիոն դեպքի հետ, նա այդ պաշտոնը չէր ստանա: Նա իր մեկամսյա աշխատանքներում ապացուցել է, որ օբյեկտիվ է իր գործում»:
Կարապետյանի փաստաբանը նաև տարակուսանք է հայտնել աղմկահարույց պարգեւատրումների բաշխման մեխանիզմի վերաբերյալ՝ նշելով, որ առնվազն արդար չէ, որ իր պաշտպանյալը, որը օպերատիվ հետախուզության վարչության պետն է, մի քանի անգամ պակաս է ստացել վարորդից ու քարտուղարուհուց.
«Դեկտեմբերին ինքը ստացել է 400 հազար՝ պահումները հանած՝ 289 հազար դրամ, որը 4 անգամ պակաս է, քան վարորդի գումարը և մոտավոր 6 անգամ պակաս, քան քարտուղարուհունը»,-նշել է Հայրապետյանը:
Մանրամասները՝ ԼՈՒՐԵՐ.com-ի տեսանյութում:
0Comments