Հունվարի 30-ի կարևոր լուրերը՝ մամուլից

Armeniadaily.am-ը ներկայացնում է


«Փաստ»-ը գրում է. «Մոսկվայում գտնվող Նիկոլ Փաշինյանը փորձել է հանդիպել ռուսաստանահայ բիզնեսի ներկայացուցիչների հետ, սակայն, օրինակ, Կամո Ավագումյանն ու Սամվել Կարապետյանը չեն ցանկացել հանդիպել Փաշինյանի հետ: 2018թ. իշխանափոխությունից հետո հայ–ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, կայուն չեն, ուստի, նաև դրանով պայմանավորված, ռուսաստանահայ գործարարների մեծ մասը վարում է բավականին զգուշավոր քաղաքականություն. ռուսական կապիտալը ոչ միայն չի ավելանում, այլև, որոշ տեղեկություններով, սահուն կերպով սկսել է լքել Հայաստանը: Փաստ է, որ գործարարները զգուշորեն մի կողմ են քաշվել՝ չմիջամտելով ոչ մի գործընթացի և ձեռնպահ մնալով զարգացումներից, մինչդեռ այդ անձինք ժամանակին Հայաստանի տնտեսության մեջ լուրջ ներդրումներ են արել»:

 

«Հրապարակ»-ը գրում է. «Արցախում պաշտոնանկությունների ալիքն առաջիկայում հնարավոր է շարունակվի։ Հիշեցնենք, որ անցած տարեվերջին պաշտոնին հրաժեշտ տվեց Պաշտպանության բանակի հրամանատար Լեւոն Մնացականյանը, եւ լուրեր կային, որ հեռացվելու է նաեւ նրա տեղակալը՝ պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանը` Օգանովսկին: Ինչո՞ւ՝ հարցին ղարաբաղյան մեր աղբյուրն ասաց. «Վաղուց էին ցանկանում նրան պաշտոնանկ անել` Ռիժի Լյովի հետ, սակայն ձեռնպահ մնացին, շատ ինքնուրույն է։ Բայց նա դրսից էլ կարող է իր ազդեցության տակ պահել բավականին մեծ սեգմենտ՝ հարգում են իրեն»: Ի դեպ, Ղարաբաղում կարծում են, որ հայոց բանակի տոնի առթիվ Եռաբլուրում հնչեցրած մտքերի համար չի բացառվում նաեւ Վիտոյին` Վիտալի Բալասանյանին հանեն Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։  Չնայած, ըստ մեր աղբյուրի, պատճառը նաեւ կարող է այլ լինել. Ղարաբաղում չեն բացառում, որ նախագահական վաղաժամ ընտրություններ լինեն։ Եվ եթե Հայաստանի իշխանությունների ֆավորիտն Արայիկ Հարությունյանն է, ապա քոչարյանական թիմի թեկնածուն, ըստ ամենայնի, կլինի Բալասանյանը»:

 

«Ժողովուրդ»-ը գրում է. «ՀՔԾ-ից մի քանի քննիչ աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել: Նրանք մտերիմ շրջապատում սրտնեղել են, որ այլես չեն ցանկանում աշխատել, քանի որ անհարմար իրավիճակում են հայտնվում, երբ աղմկահարույց գործեր են բերում դատարան, որտեղ որեւէ ապացույց չունեն անձի մասով, բայց միջնորդություն են ներկայացնում, որ պետք է կալանավորեն: Արդյունքում դատարանը մերժում է նրանց միջնորդությունները` հիմք ընդունելով, որ գործով որեւէ ապացույց չկա, եւ իրենք էլ` որպես գործը քննող քննիչ, հայտնվում են անհարմար վիճակում: ՀՔԾ-ից հաստատել են, որ երեք քննիչ, սեփական դիմումի հիման վրա, ազատվել է աշխատանքից»:

 

«Հրապարակ»-ը գրում է. «Իմ քայլը» խմբակցությունում երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ փակ հանդիպումն անցել է բավականին թեժ մթնոլորտում, իշխող ուժից ՊԵԿ ղեկավարին «պատին դեմ տվողների» առաջնագծում են եղել տնտեսագետ Արտակ Մանուկյանը, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը եւ էլի ուրիշներ։ ՊԵԿ նախագահն ասել է, որ ամեն ինչ կատարվել է օրենքի շրջանակներում, որ մամուլում հրապարակված թվերն ուռճացված են, եւ իր եկամուտներն ամսական 2-3 միլիոնը չեն գերազանցում՝ աշխատավարձով, հավելավճարով եւ պարգեւատրումներով։ Ի պատասխան հարցադրումներին, ՊԵԿ նախագահն արդարացի է համարել այդ գումարի չափը՝ ասելով, որ բարդ եւ ռիսկային ոլորտում են աշխատում։ Սակայն որոշ պատգամավորներ համեմատություններ են անցկացրել ուսուցիչների աշխատավարձերի հետ. «Ինչո՞ւ պիտի դպրոցի ուսուցիչը 100 հազար դրամ ստանա, երբ սերունդ է կրթում, որոնցից ոմանք հետո պիտի ՊԵԿ նախագահ կամ աշխատակից աշխատեն, իսկ նշված համակարգում այսպիսի աստղաբաշխական թվեր լինեն»։ Որոշել են, որ քննարկումը կշարունակեն այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ՝ ֆինանսների նախարար, գուցե՝ Երեւանի քաղաքապետ, հետո միայն եզրակացություններ կարվեն»,-գրում է պարբերականը:

 

«Ժամանակ»-ը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանից ազատվել «Իմ քայլը» խմբակցության միջոցով: Նախօրեին Անանյանի եւ խմբակցության հանդիպումը Անանյանից ազատվելու միջոցառումների շրջանակում էր, որտեղ պատգամավորներն իրենց դժգոհություններն են ներկայացրել ՊԵԿ գործունեությունից: Մեր տեղեկություններով՝ Փաշինյանը ցանկանում է ՊԵԿ նախագահ նշանակել իր խորհրդական, «Առաքելություն» կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանին: «Առաքելությունը» աջակցեց Նիկոլ Փաշինյանի շարժմանը, բայց համարում է, որ համարժեք փոխհատուցում չի ստացել: Հնարավոր է, որ Անանյանը ՊԵԿ նախագահի լավագույն թեկնածուն չէր, բայց Առաքելյանն այդ կառույցը կարճ ժամանակում կհասցնի վախճանի, տնտեսվարողներին ազատելով հարկային կոչվող երեւույթից»,-եզրակացրել է թերթը: