ՊԵԿ-ում իմ պարգևատրումների գումարը 8 ամսվա համար 14 մլն դրամ է. Դավիթ Անանյան

9 մլն դրամի պարգևատրում գոյություն չունի

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության փակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ 9 մլն դրամի պարգևատրում գոյություն չունի, այդ տեղեկությունները սուտ են:

Անդրադառնալով իր հայտարարագրին, որտեղ նշված է, որ տարեկան աշխատավարձի և աշխատավարձին հավասարեցված միջոցների գումարը կազմել է շուրջ 23 մլն դրամ, Դավիթ Անանյանն ասաց. «23 մլն դրամ աշխատավարձից 4,8 մլն դրամը ֆինանսների նախարարությունից եմ ստացել՝ 4,5 ամսվա համար, իսկ 18,5 մլն ստացել եմ ՊԵԿ-ից՝ 7,5 ամսվա համար: Իմ պարգեւատրումների տարեկան գումարը 8 ամսվա համար ՊԵԿ-ից 14 մլն դրամ է»:

Հարցին, թե շատ այլ գերատեսչություններում են պարգեւավճարներ տրվել, ինչո՞ւ են հենց իրեն հրավիրել ԱԺ, Դավիթ Անանյանն արձագանքեց. «Որքանով ես եմ տեղյակ, բոլորի հետ հերթով աշխատանքային քննարկումներ են լինելու»:

Նշենք, որ նրան հրավիրել էին ԱԺ՝ «Իմ քայլը» խմբակցության նիստին, ՊԵԿ աշխատակիցներին աստղաբաշխական պարգեւավճարներ տալու հետ կապված: