Մարտի 1-ի գործով քաղաքական դրդապատճառներն ակնհայտ են. Ռուստամյան

Արդարադատությունը առաջին հերթին պետք է վերաբերի նրան, որ բացահայտվեն 10 զոհերի մեղավորները

ՀՅԴ նորընտիր բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքին:

«Այն ձևով, ինչպես ներկայացվել է մեղադրանք Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, և հիմա մյուսներն էլ են ընդգրկվում այդ պրոցեսի մեջ, մեզ մոտ առաջացնում է մեծ մտահոգություններ»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ արդարադատությունը չպետք է լինի ընտրովի և չպետք է տպավորություն ստեղծի, որ հաշվեհարդարի կամ վենդետայի նպատակ է հետապնդում:

«Արդարադատությունը առաջին հերթին պետք է վերաբերի նրան, որ բացահայտվեն 10 զոհերի մեղավորները: Այս ձեւով, որ դրվում է մեղադրանքը, փորձ է արվում խնդիրը երկրորդական դարձնել: Դրվում է մեղադրանք, որը դեռ ինքը պետք է ապացուցվի, հետո գտնենք, թե ով է մեղավոր: Այսինքն մի հատ ձևակերպում ենք տվել՝ «սահմանադրական կարգի տապալում», որը դեռ պետք է ապացուցվի՝ եղել է, թե ոչ: Հետո նոր գտնենք, թե ով է տապալել այդ սահմանադրական կարգը: Կա հստակ կատարված փաստ, 10 զոհեր կային, այդ զոհերի մեղավորներին գտնենք: Եվ եթե այդպես գտնենք, պատկերն ավելի լայն կբացվի: Եվ ովքեր առնչված են այդ զոհերի հետ, որոնք նպաստել են, ինչ-որ ձեւով մթնոլորտ են ստեղծել, որ այդ զոհերը առաջանան, նրանք էլ պետք է ընդգրկվեն եւ իրենց ցուցմունքներով նպաստեն գործի բացահայտմանը: Այնպես չէ, որ պետք է ասել՝ այս մի մասը մեղավոր է, այն մի մասը՝ ոչ: Մեր խորին համոզմամբ, երկու կողմում էլ կան մեղավորներ»,-ասաց նա:

Ռուստամյանը նաև հավելեց, որ այս գործով քաղաքական դրդապատճառներն ակնհայտ են:

«Այսպես գնալու դեպքում էլի մոռացվելու է, թե ով է կրակել, այդ կրակելու հրամանը ումից է ստացել: ՄԻԵԴ-ն արդեն որոշումներ է կայացնում այս գործի հետ կապված: Սա մի ընթացք է սկսելու, որ ես չգիտեմ՝ Հայաստանը դրանից օգտվելո՞ւ է, թեմեր հեղինակությունն ավելի է տուժելու որպես իրավական պետություն»,-ընդգծեց նա: