Մեծագույն զորավար և պետական գործիչ Ալեքսանդր Մակեդոնացու մահվան առեղծվածը, որը դարեր շարունակ տանջել է պատմաբաններին, թվում է՝ արդեն բացահայտված է:
Մակեդոնացու մահվան հետ կապված նախորդ տեսությունները հանգում էին նրան, որ զորավարը մահացել է վարակից, հարբեցողությունից, կամ սպանվել է:
Ինչպես նշում է Daily Mail-ը, վերջերս իրականացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ զորավարի վախճանի պատճառը Գիյեն-Բարեի համախտանիշն է եղել՝ նյարդային համակարգի խանգարում, որի դեպքում հիվանդը կարող է կաթվածահար լինել:
Ուսումնասիրության արդյունքում գիտնականները եկել են նաև այն համոզմանը, որ Մակեդոնացին մինչև մահը 6 օր շարունակ կաթվածահար վիճակում է եղել:
Ուսումնասիրության հեղինակ բժիշկ Քեթրին Հոլի խոսքով՝ Մակեդոնացու մահվան վերաբերյալ նախկին վկայություններն արժանահավատ չեն: Հոլը, ի մի բերելով բազմաթիվ վկայություններ՝ ընդ որում այն փաստը, որ Ալեքսանդրի մարմինը մահվանից 6 օր անց անգամ չի քայքայվել, եկել է այն եզրահանգմանը, որ նրա մոտ Գիյեն-Բարեի համախտանիշ է եղել, ինչի հետևանքով նա կաթվածահար վիճակում է գտնվել, իսկ թթվածնի նկատմամբ նրա օրգանիզմի նվազ պահանջը շնչառությունն աննկատ է դարձրել:
«Այն ժամանակ մարդիկ կարծել են, թե Մակեդոնացու մարմնի պահպանումը նշան է նրա աստվածային էության, մինչդեռ մենք այժմ տիրապետում ենք այնպիսի մանրուքների ու փաստերի, որոնք թույլ են տալիս նրա մահն այլ կերպ պատճառաբանել և ամբողջականացնել արդեն եղած կցկտուր վկայությունները»,- ասել է նա:
0Comments