Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, այսօր՝ մայիսի 6-ին, մերժեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին գրավի դիմաց կալանքից ազատելու մասին պաշտպանների միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ։
Պաշտպաները նշել էին, որ քրեական գործում առկա չէ տվյալ, որով կհիմնավորվեր գործին խոչընդոտելու հավանականությունը։ Ըստ նրանց՝ Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելն ինքնանպատակ է, իսկ քրեական գործը կառուցված է բացառապես երկու անձի ամբիցիաների հիման վրա։
Ըստ մեղադրանքի՝ քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Աղվան Հովսեփյանը, 2004-2013թթ. զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014-2018թթ.՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, չնայած օրենքով սահմանված արգելքին, 2007-2015թթ. մասնակցել է իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Ա. Ս.-ի հիմնադրած կազմակերպությունների կառավարմանը, ինչը կապված է եղել այդ կազմակերպություններին արտոնություններ և առավելություններ տրամադրելու և այլ ձևով հովանավորելու հետ: Նշված ապօրինի գործունեության արդյունքում Աղվան Հովսեփյանը հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացրել է:
0Comments