«Ակնհայտ է, որ օրվա իշխանությունները, վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, ցավոք, քաղաքական ու պետական ղեկավարման առումով կատարյալ տկարություն են ցուցաբերում». այս մասին նշված է Ռոբերտ Քոչարյանի ուղերձում, որով Հայաստանի երկրորդ նախագահը դիմել է կողմնակիցներին: Քոչարյանը, մասնավորապես, ասել է. «Տեսանելի ապագայում ականատեսն ենք դառնալու հիասթափության մեծ մի ալիքի, որ բազմաթիվ անիրականանալի և պոպուլիստական խոստումների տխուր ու կանխատեսված հետևանքն է լինելու: Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ցանկացած վրիպում (իսկ այդպիսիք արդեն կան) կարող է անդառնալի ու ճակատագրական հետևանքների հանգեցնել: Ամեն գնով, օրենքի բռնաբարմամբ ու դատական համակարգի մեջքը կոտրելով՝ ինձ կալանքի տակ և այդպիսով քաղաքական կյանքից մեկուսացված պահելն անհեռանկար զբաղմունք է: Արդյունքում ինձ դարձրել են քաղբանտարկյալ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Մի քանի արկածախնդիրների կողմից սարքված այս գործի ամեն մի դրվագը մեր պատմության մեջ խայտառակ մի էջ է դառնալու՝ անկախ այն հանգամանքից, որ դրա բոլոր հեղինակներն ու կատարողները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Ուզում եմ չկասկածեք՝ բանտարկությունը չի կարող ինչ-որ կերպ ընկճել ինձ, ստիպել հրաժարվել քաղաքական գործունեությունից, որքան էլ որ նման հույսեր փայփայեն գործող իշխանությունները: Չեմ կասկածում. տեղի ունեցողը խիստ ժամանակավոր մի բան է, որը տեսանելի ապագայում ավարտվելու է, քանի որ կեղծիքի, տգիտության ու ատելության վրա հիմնված որևէ իշխանություն երբևէ երկար պատմություն չի ունեցել»,-գրել է Ռոբերտ Քոչարյանը:
Հատուկ քննչական ծառայությունը թույլատրել է գործարար Սամվել Մայրապետյանին դուրս գալ երկրից։ Հիշեցնենք՝ Մայրապետյանը ՄԻԵԴ-ից խնդրել էր Հայաստանի իշխանություններին պարտավորեցնել՝ վերադարձնել իր անձնագիրը և թույլատրել բուժման նպատակով անհապաղ մեկնել երկրից: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել էր գործարարի՝ հունվարի 2-ի միջնորդությունը և պահանջել Հայաստանի կառավարությունից, որ դիմումատուն ստանա համարժեք բժշկական օգնություն։
Արմեն Ռուստամյանը՝ ՀՅԴ Բյուրոյի նախագա՞հ: Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում Դաշնակցության 33-րդ Ընդհանուր Ժողովն ավարտել է աշխատանքը: Ընտրվել է կուսակցության բարձրագույն գործադիր մարմինը՝ Բյուրոն, որն այսուհետ գլխավորելու է Արմեն Ռուստամյանը:
Հայաստանը դառնում է նոր Սիրիա. այսպիսի մտահոգությամբ ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Նա, մասնավորապես նշել է. «Բոլթոնն Ալիև-Նիկոլ հանդիպումը ողջունեց, Պուտինը`ոչ: Աշխարքաղաքական նոր լարվածություն է սկսվում՝ անկանխատեսելի շրջադարձերով: Հայաստանը դառնում է նոր Սիրիա՝ ապաշնորհ և դիլետանտ ղեկավարությամբ»,-եզրակացրել է քաղաքագետը: Հիշեցնենք, որ հունվարի 23-ին Դավոսում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումից անմիջապես հետո ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը զանգահարել էր Հայաստանի վարչապետին:
Ավազակային հարձակում Արարատում. կինը դիմադրել է, օգնություն կանչել: Դիմակավորված տղամարդը թակել է բնակարաններից մեկի դուռը, և, երբ տանտիրուհին բացել է, դանակի սպառնալիքի տակ պահանջել է գումար ու ոսկյա զարդեր։ Կինը դիմադրել է, օգնություն կանչել, ինչից հետո տղամարդը դիմել է փախուստի։ Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելով, պարզել են, որ դիմակավորը Արարատի բնակիչ Դավիթ Գասպարյանն է, ով այսօր առավոտյան բերման է ենթարկվել։
0Comments