Մեզ համար սկզբունքային է ԼՂ ժողովրդի իրավունքների և ԼՂ կարգավիճակի հարցը․ Արարատ Միրզոյան

Մանրամասներ
ա

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ համատեղ ասուլիսում անդրադարձավ Արցախում ստեղծված իրավիճակին ու անվտանգային հարցերին։

«Հասկանալի է, որ այս պահին Ուկրաինայի ճգնաժամն իր վրա է սևեռում ԵԱՀԿ ուշադրության մեծ մասը, սակայն ակնկալում ենք, որ ԼՂ հակամարտության հարցը կմնա ԵԱՀԿ օրակարգում։ Սա հատկապես կարևոր է այս օրերին, երբ Ադրբեջանն օգտագործում է աշխարհաքաղաքական զարգացումները՝ ԼՂ էթնիկ զտումների իր քաղաքականությունը շարունակելու համար։ Դրա վառ վկայությունն է մարտի 24-ին Ադրբեջանի ներխուժումը ԼՂ տարածք՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում գտնվող Փառուխ գյուղ։ Եվ այս իրավիճակը շարունակվում է մինչև այսօր։ Այս ներխուժմանը և ռազմական գործողությունների հրահրմանը նախորդել էին հայկական բնակավայրերի և քաղաքացիական ենթակառուցվածքների ուղղությամբ անդադար արձակվող հրազենային կրակահերթերը։ Ադրեջանը խափանել էր ԼՂ համար կենսական նշանակություն ունեցող միակ գազատար խողովակի աշխատանքը և գազի մատակարարումը ԼՂ խստաշունչ եղանակային պայմաններում։ Եվ այս ներխուժումն Ադրբեջանի կողմից նախապես ծրագրված ագրեսիա է, ինչը բացահայտ արհամարհանք է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորություններին»,- ասաց Միրզոյանը։

Նրա խոսքով՝ այս իրավիճակում ԵԱՀԿ գործող նախագահի և միջազգային հանրության հստակ արձագանքը դառնում է հրամայական, իսկ Լեռնային Ղարաբաղում միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել ներգրավումը՝ հրատապ՝ հումանիտար ճգնաժամը կանխելու համար։

«Եվ մենք գոհունակությամբ ենք փաստում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներն արդեն իսկ հստակ գնահատական են տվել ԼՂ-ում իրադրության վերջին սրմանը՝ փաստելով, որ այն հետևանք է ադրբեջանական զորքերի շարժի։ Չեմ կարող չնշել նաև, որ 44-օրյա պատերազմից մոտ 1․5 տարի անց Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքը, ինչպես նաև իր կողմից ստորագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ պատանդառության մեջ պահելով հայ ռազմագերիներին։ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր փուլերում հանդես է եկել խնդրի բացառապես խաղաղ կարգավորման օգտին։ Նույնը և այսօր։ Ինչպես գիտեք, Ադրբեջանը որոշակի առաջարկներ է փոխանցել հայկական կողմին, և մենք այս առաջարկները համարել ենք ընդունելի՝ միաժամանակ ասելով, որ դրանք այնուամենայնիվ ամբողջապես չեն հասցեագրում խնդիրների ողջ օրակարգը։ Եվ մենք մեր առաջարկներով ամբողջացրել ենք այս օրակարգը՝ ավելացնելով, որ մեզ համար սկզբունքային է ԼՂ ժողովրդի իրավունքների և ԼՂ կարգավիճակի հարցը»,- հավելեց Արարատ Միրզոյանը։

Նա հավելեց, որ հայկական կողմն ակնկալում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն առաջիկայում կկարողանա կազմակերպել խաղաղ բանակցություններ այս օրակարգով և համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելու նպատակով։

«Ուզում եմ վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը սահմանագոտում ձեռնարկել կայունության բարձրացման քայլեր և այնուհետև ձեռնամուխ լինել Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի մեկնարկին։ Ուզում եմ նաև նշել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթանում են բանակցություններ՝ տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակման վերաբերյալ։ Այստեղ ևս մենք հանդես ենք եկել առաջարկներով և սպասում ենք Ադրբեջանի արձագանքներին։ Մենք հավատում ենք, որ ինչպես տնտեսական ուղիների ապաշրջափակման հարցում, այնպես էլ համապարփակ խաղաղություն հաստատելու հարցում միջազգային գործընկերների համապատասխան դիրքորոշմամբ կկարողանանք ունենալ շոշափելի արդյունքներ»,- նշեց նա։