«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովի հանդեպ Արցախի իշխանությունների առանձնահատուկ ջերմ վերաբերմունքը, թերևս, անհնար էր չնկատել: Նախ` ՀՅԴ ընդհանուր ժողովը, որ մեկնարկեց հունվարի 16-ից և կավարտվի այսօր, անցկացվում է Արցախում, այն էլ՝ այդ միջոցառման համար տրամադրվել էր Արցախի խորհրդարանի նիստերի դահլիճը: Բացի այդ, Արցախի նախագահ Բակո Սահակյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը անձամբ ներկա էին գտնվել ընդհանուր ժողովի բացման արարողությանը։ Իսկ երեկ էլ Բակո Սահակյանն ընդունել է ՀՅԴ ընդհանուր ժողովի մասնակիցներին։ Ըստ պաշտոնական հաղորդագրության` նա շնորհակալություն է հայտնել ՀՅԴ-ին Արցախյան ազգային- ազատագրական պայքարի, պետականության ձեւավորման ու կայացման, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, հայ ազգային ինքնության պահպանման եւ համազգային խնդիրների լուծման գործում: Արցախի իշխանությունների կողմից նման ուշադրությունը ՀՅԴ ներկայացուցիչների հանդեպ, թերեւս, պատահական չէ. մի կողմից` Հայաստանի ԱԺ ընտրություններում պարտվելուց հետո, երբ ՀՅԴ-ն չանցավ խորհրդարան, այդ կուսակցության հետ շարունակում են հաշվի նստել` շնորհիվ Սփյուռքում նրանց կապերի: Մյուս կողմից` ՀՅԴ-ն անզիջողական դիրքորոշում ունի ԼՂ խնդրում` մշտապես դեմ արտահայտվելով փոխզիջումներին: Ու միգուցե Արցախի իշխանությունների վերաբերմունքն այս կուսակցության նկատմամբ պայմանավորված է նաեւ այդ հանգամանքով, թեեւ հենց ԼՂ նախագահ Բակո Սահակյանն անձամբ մի քանի անգամ (հատկապես 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո) խոսել է փոխզիջումների պատրաստակամության մասին` պարզապես շեշտելով, որ այդ ամենին խանգարում է Ադրբեջանի կեցվածքը»:
Ավելի մանրամասն՝ օրաթերթի այսօրվա համարում
0Comments