Պետք է սուտ չասել ժողովրդին. Գուրգեն Եղիազարյան

Եթե սխալ է եղել պետք է տղամարդու պես դուրս գալ և ասել՝ ժողովուրդ ջան, կներեք, սխալվել ենք

ԱԱԾ պետի նախկին տեղակալ, հրապարակախոս Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ներկայիս իշխանության տրված խոստումներին՝ նշելով, որ խոստացվածը պետք է կատարվի:

«Նախևառաջ պետք է սուտ չասել ժողովրդին։ Ինչ որ ասվել, խոստացվել է, պետք է կատարվի, եթե սխալ է եղել պետք է տղամարդու պես դուրս գալ և ասել՝ ժողովուրդ ջան, կներեք, սխալվել ենք։ Սխալն ընդունելի կլինի, երբ որ դա ընդունվի, ոչ թե ամեն կերպ լղոզվի»,– ասաց նա։

Եղիազարյանի կարծիքով՝ առաջին հերթին պետք է ծրագիր ունենալ աղքատության մասով, թե ինչը կարելի է զարգացնել. «Գյուղատնտեսությունը գտնվում է ծայրահեղ վատ վիճակում, պետք է մտածել՝ ինչ անենք, որպեսզի գյուղացուն օգնենք»։ 

Նրա խոսքերով աննորմալ երեւույթ է, որ մի քաղաքական ուժ ԱԺ–ում ունի 88 պատգամավոր. «Դա տաղտուկ վիճակ է եւ այդ վիճակից դուրս գալու համար պետք է քայլ անել դեպի աղքատները, ձեռք մեկնել ընչազուրկներին, դուրս բերել նրանց այդ վիճակից»։