Աստծո համար շատ կարևոր է մարդու հոգին:
Մարդ արարածի համար էլ պետք է կարևոր լինի իր հոգու մաքրությունը:
Երբ հոգին մաքուր է լինում, Աստծո հետ ամեն բան շատ կատարյալ է լինում: Հոգում չարություն պահող մարդը չի կարող Աստծո հետ ազնիվ լինել: Ուստի, յուրաքանչյուր քրիստոնյա կյանքի ընթացքում պարտավոր է հոգալ սեփական հոգին մեղքերից ու մոլություններից մաքրելու մասին: Սակայն, որպեսզի կարողանանք այդպես վարվել, պետք է սկզբից սեփական մեղքերն ու կրքերը տեսնել և ճանաչել:
Ինչպե՞ս պետք է կարողանանք մաքուր պահել մեր հոգիները: Այս աշխարհում, երբ ամեն քայլափոխին հանդիպում ենք անարդարության ու մարդկային ատելության, մի փոքր ավելի է դժվարանում հոգու մաքրության խնդիրը: Բայց սա չի նշանակում, որ չարության կամ նախանձ երևույթների բախվելիս մենք պետք է չարանանք: Իրականում, ամեն մի չարության հետ մեր հոգին պետք է ավելի կոփվի, գիտակցի, որ սա լավագույն պահն է Աստուն իր հոգու պարզությունը ցույց տալու համար:
Ամեն անգամ չարի հետ գործ ունենալուց պետք է մտածենք՝ ինչպես կվարվեր Տերը այս պարագայում: Ու բնականաբար, հարցի լուծումը միանգամից կգտնենք: Գուցե չարությանը բարությամբ պատասխանելով մենք կարողանանք նաև դիմացինի հոգին փոխել:
Աստծո կարևոր պատգամը ՍԵՐ տարածելն է, որքան շատ սիրենք միմյանց, այնքան ավելի կատարյալ կդարձնենք ինքներս մեզ ու նաև այն աշխարհը, որում ապրում ենք:
Թող, որ մեր ամենօրյա աղոթքը լինի լավագույն միջոցը մեր հոգիները մաքրելու ու չարին այդտեղից հեռացնելու համար:
Աստված մեզ հետ խոսում է աղոթքի լեզվով, որովհետև դա է միակ մաքուր ու կատարյալ լեզուն: Մտածենք ու ապրենք այնպես, որ Աստծուն հաճելի դառնանք:
Մարդկային կատարելության միակ օրինակը Աստված է, Ումից մենք պետք է սովորենք: Գլխավոր պատճառը, թե ինչու է կարևոր լինել մաքուր, այն է, որ Աստված, Ում պաշտում ենք, մաքուր է, անբիծ և սուրբ:
qahana.am
0Comments