Իշխանությունն իր ճնշման տակ է պահում դատական իշխանությունը. Հրանտ Մարգարյան

Չափազանց մեծ է վտանգը օրենսդիր եւ գործադիր իշխանությունների միաձուլման եւ անձնակենտրոն իշխանության ամրապնդման

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն այսօր Դաշնակցության Ընդհանուր ժողովի ժամանակ հայտարարել է, որ իշխանությունն իր ճնշման տակ է պահում դատական իշխանությունն ու զանգվածային լրատվամիջոցները:

«Դատական համակարգն, անկախ նրանից թե որքանով է կարող արդարամիտ լինել, ակնհայտորեն ենթակա է ճնշումների։ Մենք շատ հեռու ենք ժողովրդավարությունից ու անկախ դատական համակարգ ունենալուց։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձեւավորվել է, ըստ էության, մեկքաղաքական ուժի իշխանություն, որն իր ձեռքում կենտրոնացնելով թե օրենսդիր, թե գործադիր իշխանությունը, իր ճնշման տակ է պահում նաեւ դատական իշխանությունն ու, այսպես կոչված, չորրորդ իշխանությունը` զանգվածային լրատվամիջոցները: Ըստ էության խախտվել է կառավարման խորհրդարանական համակարգի կարեւորագույն հատկանիշը` իշխանության հակակշռելիության ու հաշվետվողականության սկզբունքը: Չի ձեւավորվել կոռուպցիայի դեմ պայքարի անկախ համակարգ, չափազանց մեծ է վտանգը օրենսդիր եւ գործադիր իշխանությունների միաձուլման եւ անձնակենտրոն իշխանության ամրապնդման»,-ասել է նա: