Ավստրիայի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին

Մանրամասներ

ա

Ավստրիայի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը հինգշաբթի օրը Վիեննայում պաշտոնապես հայտարարել է, որ լքում է իշխող կոալիցիան «Կանաչների» հետ գլխավորող Ավստրիայի Ժողովրդական կուսակցության նախագահի պաշտոնը եւ հեռանում է ավստրիական քաղաքականությունից:

Նրա խոսքով՝ 10 տարվա ընթացքում կառավարության տարբեր պաշտոններում գտնվելը նրան շատ բան է սովորեցրել։ Անցած շաբաթներն իր համար բարդ էին ներքաղաքական իրադարձությունների ֆոնին, խոստովանել է Կուրցը։ Ուրբաթ օրը նա պատրաստվում է կուսակցության նախագահությունում հանձնել նախագահի լիազորությունները, իսկ հաջորդ շաբաթների ընթացքում վայր դնել քաղաքական մյուս բոլոր գործառույթները։

Կուրցը հայտարարել է, որ իր մոտ բացվում է « կյանքի նոր գլուխ»։ «Հատկապես որդու ծննդով ինձ համար պարզ էր դառնում, թե որքան գեղեցիկ ու կարեւոր բաներ կան քաղաքականությունից դուրս», - նշել է նա: «Առաջին հերթին, ես ուրախ կլինեմ ժամանակ անցկացնել իմ երեխայի եւ ընտանիքի հետ։ Դա կվայելեմ այնքան ժամանակ, մինչև նոր տարում նվիրվեմ նոր մասնագիտական խնդիրներին», - ընդգծել է Ավստրիայի նախկին կանցլերը։ - Ինձ համար մեծ պատիվ էր 10 տարի Հանրապետությանը ծառայելու հնարավորություն ունենալը»: