Գիտեք, որ Սյունիքում կան խնդիրներ, քանի որ ճանապարհների որոշ հատվածներ ադրբեջանցիները փակել են, այն ճանապարհների, որոնք ըստ քարտեզների գտնվում են սահմանից այն կողմ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար վահան Քերոբյանը:
«Այդ ճանապարհները ըստ սահմանների գտնվում են Ադրբեջանի տարածքում»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ դեմարկացիա եւ դելիմիտացիա տեղի չի ունեցել, որը կհստակեցներ, թե այդ ճանապարհն ում տարածքում է, Քերոբյանն արձագանքեց. «Երեկ վարչապետը շատ մանրամասն պատասխանեց այդ հարցին»:
Հարցին, թե հայրենասեր հայը կարո՞ղ է ասել, որ հայկական ճանապարհները Ադրբեջանին են պատկանում, Քերոբյանը պատասխանեց. «Ուղիղ մեկ տարի առաջ ես գտնվում էի Հադրութի շրջանի Տումի գյուղի մոտակայքում եւ դուք հիմա փորձում եք ինձ ասել, որ իմ հայրենասիրությունը կասկածելի՞ է:
Գոյություն ունեն քարտեզներ, դրանցում գոյություն ունեն սահմաններ, և առաջիկա դելիմիտացիան ու դեմարկացիան տեղի են ունենալու այն քարտեզների հիման վրա, որոնք գործել են, օրինակ, 1988-ին»։
Հարցին՝ այդ քարտեզներով չկա՞ Ադրբեջանի տարածք, որը մեզ է պատկանում, և մենք էլ կարող ենք իրենց ճանապարհները փակել, Քերոբյանն արձագանքեց, թե դրանք հարցեր են, որոնք կլուծեն մասնագետները՝ դելիմիտացիայի ու դեմարկացիայի ընթացքում։
Դիտարկմանը՝ այդ դեպքում ադրբեջանցիներն ինչո՞ւ են մինչև դելիմիտացիա ու դեմարկացիա անելը փակում մեր ճանապարհները, մենք՝ ոչ, Քերոբյանն արձագանքեց․ «Երևի վերսկսենք պատերա՞զմ: Ես գիտեմ, թե ինչ կանեմ, եթե լինի պատերազմ, իսկ դուք գիտե՞ք, թե ինչ կանեք: Ես կգնամ պատերազմելու, իսկ դուք կգնա՞ք»:
0Comments