Այսօր տեղի ունեցած ԱԺ նիստում բանավեճ տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանի ու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև: Պատճառը Մարուքյանի արձագանքն էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Արման Աբովյանին, թե ով պիտի լինի ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ:
«Մենք ձեզ հետ կռիվ չունենք, դուք չեք որոշելու, իրենք են որոշելու, կռիվը և պատասխանատվության ամբողջ բեռն իրենց վրա է, իրենք պետք է պատասխան տան, թե ինչու այսպես, ոչ այնպես»,- ասաց Մարուքյանը:
Սասուն Միքայելյանը հետաքրքրվեց` ովքե՞ր են «իրենք», ինչին Մարուքյանը պատասխանեց.
«Քաղաքական մեծամասնությունը»:
Այս պատասխանը զայրացրեց Միքայելյանին, ով տեղից սկսեց արձագանքել Մարուքյանի պատասխանին:
«Մյուս անգամ իմ խոսելու ժամանակ չմիջամտե՛ք, գրանցվե՛ք, եթե բան ունեք ասելու, ո՞նց ա, որ մենակ Դուք վիրավորվեցիք»,- ասաց Մարուքյանը:
Նա նշեց, թե Սասուն Միքայելյանն իր` բանախոսի հետ բանավեճի մեջ է մտել:
«Ես Ձեզ շատ լավ եմ ճանաչում, Դուք էլ ինձ մյուս անգամ, երբ ես բան եմ խոսում, խնդրում եմ չմիջամտել: Ես ամենայն հարգանքով եմ արտահայտվել, եթե դուք վիրավորվել եք «իրենք»-ից, ես կարող եմ ներողություն խնդրել, բայց այդտեղ դուրս կգա, որ միայն Դուք վիրավորվեցիք: Ինչ-որ մեկն ավելի շատ չի պաշտպանում ինքնասիրությունը, քան մյուսները, բոլորը մեր գործընկերներն են, պետք չէ ուրիշ դաշտ տանել»,- ասաց Մարուքյանը:
0Comments